Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հասարակության հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է միջուկային գործարքի հետ կապված խնդիրներին:
Խամենեին հայտարարել է, որ նախորդ տարի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի ու «վեցյակի» միջև ստորագրված համաձայնագիրը դարձավ ակնհայտ ապացույցն այն բանի, որ թշնամիներին պետք չէ վստահել:
«Ոչ մի դեպքում չպետք է վստահել թշնամիներին: Դրա վառ և համոզիչ ապացույցը դարձավ միջուկային գործարքից Իրանի ստացած փորձը:
Այսօր անգամ դիվանագետները, որոնք մասնակցել են միջուկային համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բանակցություններին, խոստովանում են, որ ԱՄՆ-ը չի կատարում ստանձնած պարտավորությունները: Իրականում նրանց խոստումների հետևում թաքնված է մյուս երկրների հետ Իրանի տնտեսական կապերը խոչընդոտելն ու քայքայելը»,- ասել է Խամենեին:
Նա հիշեցրել է, որ միջուկային համաձայնագրի գործարկումից անցել է ավելի քան կես տարի, սակայն պատժամիջոցները չեն վերացվել, և այժմ խոսքը դրանք աստիճանաբար վերացնելու մասին է:











































