Motorola ընկերությունը թողարկել է գավազդային արշավ՝ գովազդելով իր նոր՝ Moto X-ը: Նորույթը համարվում է «առաջին սմարթֆոնը, որը դուք ինքներդ կարող եք նախագծել»: Ամենայն հավանականությամբ, դա նշանակում է, որ գնորդներին հնարավորություն կտրվի ինքնուրույն ընտրել սարքավորման ցանկալի կոնֆիգուրացիան՝ պատվեր ձևակերպելիս: Այս մասին հաղորդում է Hitech-ը:
Այս ծառայության մասին լուրերը շրջանառվում են դեռևս մարտ ամսից: Ընկերությանը մոտ աղբյուրներն ասում էին, որ Google Play կայքում օգտատերերը կարող են ընտրել օպերատորին, կաղապարի գույնը, օպերատիվ հիշողության ծավալը: Բացի այդ, «պատվերի փուլում» նրանց կառաջարկվի նաև ընտրել «պաստառը», երաժշտությունը և զանգը, ներբեռնվող ծրագրերը:
Բացի այդ, ընկերությունը վստահեցնում է, որ Moto X-ը «առաջին սմարթֆոնն է, որը նախագծված, վերամշակված և հավաքված է ԱՄՆ-ում» և ոչ թե Չինաստանում կամ մեկ այլ երկրում: Հուլիսի 3-ից նորույթի գովազդն արդեն այնպիսի թերթերում է, ինչպիսիք են՝ The New York Times-ը, USA Today-ը, The Wall Street Journal-ը և Washington Post-ը:
Ընկերության գլխավոր տնօրեն Դենիս Վուդսայդն ասել է, որ սարքի բաղադրիչները կբերվեն 12 նահանգներից, իսկ OLED էկրանները՝ Հարավային Կորեայից:










































