«Ոստիկանությունը և առհասարակ ուժային կառույցները երբ որևէ ցույց են որոշում ցրել և որևէ օպերացիա են մշակում, այդ օպերացիայի բաղկացուցիչ մասն է կազմում լրագրողներին և առհասարակ ԶԼՄ-ների աշխատակիցներին՝ օպերատորներին, ֆոտոթղթակիցներին չեզոքացնելը՝ չհասկանալով, որ նույնիսկ 21-րդ դարում եթե իրենց միջնադարյան մտածելակերպով պատկերացնում են, որ կարելի է հասցնել նրան, որ այդ իրադարձությունն առհասարակ չլուսաբանվի, դա հնարավոր չէ, որովհետև այնտեղ ամեն մի մասնակից փաստորեն հանրային լրագրող է, իսկ պրոֆեսիոնալ լրագրողներն այսպես թե այնպես իրենց գործը կատարելու են, և այդ վայրագությունները, որ կատարվում են, որևէ հիմք չունեն, որևէ նպատակ էլ չեն կարող ունենալ»,- այս մասին Երևանում խաղաղ հավաքների ժամանակ լրագրողների գործունեության խոչընդոտման վերաբերյալ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Մենք քննարկումների ժամանակ հիշում և մատնանշում ենք կոնկրետ մարդկանց, ովքեր որ մեղավոր էին այդ գործողություններում: Եթե մենք հիշենք անցած տարվա հունիսի 23-ի դեպքերը, ապա կտեսնենք, որ կային կոնկրետ մարդիկ, ովքեր հրամաններ էին տալիս, կամ ովքեր ջանասիրաբար կատարում էին այդ հրամանները՝ տեսախցիկները ջանասիրաբար խփում էին ասֆալտին, որ լրագրողը, օպերատորը չկարողանա աշխատել, նրանք երևում են, բոլորս գիտենք նրանց՝ բացի քննիչներից կամ իրավապահ այլ մարմիններից, ովքեր զբաղվում են այդ գործով…»:
Մելիքյանի խոսքով՝ այս իրավիճակն արդեն նորմ է դառնում, այս անգամ ձեռագիրը նույնն էր. «Ինչքան էլ Վլադիմիրի Գասպարյանն ասի, որ ոստիկանությունը փոխվել է, այնտեղ բարեփոխումներ են տեղի ունեցել, դա ընդամենը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում, իրականում ցինիկ խաբեություն է: Մենք տեսնում ենք, որ որևէ կերպ նրանց գործողությունները չեն փոխվում, աշխատանքի որևէ քաղաքակիրթ մեթոդ չի կիրառվում:
Մանրամասները՝ տեսանյութում:










































