«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Մեր զրուցակցի հետ խոսելու ենք «Սասնա ծռերի» կողմից ոստիկանական գնդի գրավումից հետո ծավալվող հայտնի իրադարձությունների, դրանց ներքին պատճառների ու արտաքին քաղաքական հնարավոր հետևանքների մասին:
– Պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, ի՞նչը հանգեցրեց այս ճգնաժամին: Ի վերջո, ինչո՞ւ են «Սասնա ծռերը» ստանում այսքան լայն հանրային աջակցություն: Ինչո՞ւ չի հաջողվում ոչ մի կերպ թուլացնել լարվածությունը:
– Այն, ինչ մենք տեսնում ենք, նորություն չէ. ամեն ամառ աչքի է ընկնում դժգոհության ալիքի բարձրացմամբ երկրում, բողոքի ցույցերով՝ կապված զանազան հարցերի հետ: Ամենանշանավորը նախորդ ամռան «Էլեկտրիկ Երևանն» էր: Այս ամռան ցույցերը տարբերվում են իրենց բովանդակությամբ և ժամկետներով: Այն, ինչ տեսանք, քրեական հուսահատ գործողություն էր ոստիկանական գունդը գրաված և մարդկանց պատանդ վերցրած զինյալների կողմից: Հատկանշական և մտահոգիչ է այն, որ այս վիճակը շարունակվում է արդեն 14 օր: Պատանդները ազատ արձակվեցին բանակցությունների միջոցով, բայց հետո զինված մարդիկ պատանդառեցին բժիշկներին և շտապօգնության աշխատակիցներին՝ որպես նոր պատանդներ: Սա անընդունելի է:
Բայց անհրաժեշտ է նշել, որ այս քայլը ոչ թե այս ճգնաժամի պատճառն է, այլ կատալիզատորը: Նկատի ունեմ, որ այն, ինչ տեղի ունեցավ գնդի գրավումից հետո, ավելի կարևոր է, քան գնդի գրավման բուն փաստը: Հանրությունը ոչ թե զինյալներին է աջակցում, այլ նրանց հուսահատ պահանջներին՝ փոփոխություն անել Հայաստանում: Պատճառը քաղաքական, սոցիալ-տնտեսական վիճակն է, Հայաստանի պատմության ամենաոչժողովրդական կառավարությունը, կոռուպցիայի աղաղակող չափերը և իշխանության, հատկապես ամբարտավանությունը: Այնպես որ, վիճակը շատ անկայուն է: Սա նաև լուրջ մարտահրավեր է երկրում կարգ ու կանոնի համար: Որևէ արդարացում չկա որևէ զինված խմբի կողմից մարդկանց պատանդառությանը: Սա շատ արտասովոր երևույթ է, բայց նաև հատկանշական է՝ բացահայտելով, թե որքան հուսահատ վիճակում են մարդիկ այսօր Հայաստանում:
– Այսինքն՝ բռնության աճը տրամաբանական և օրինաչա՞փ եք համարում Հայաստանի քաղաքականության մեջ:
– Քաղաքական տեսանկյունից՝ ակնհայտ է, որ կա զայրույթի մեծ կուտակում հասարակության մեջ, որն առաջացրել է քաղաքական բևեռացում: Բաց առճակատումն ու բևեռացումն այժմ քաղաքականության չափանիշն է: Միևնույն ժամանակ, որքան էլ սա քաղաքական առճակատում է, իրականում սա կապ չունի քաղաքականության հետ: Քաղաքականությունը փոխզիջումների արվեստն է: Մենք դա չենք տեսնում՝ նայելով գերիշխող, իշխող Հանրապետական կուսակցությանը, իրականացված սահմանադրական փոփոխություններ, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական կառավարմանը, կոռումպացված վարչապետին և նախարարներին: Սա ավելի շատ խոսում է ուժի և ավելի քիչ՝ քաղաքականության մասին: Բայց իրականությունն այն է, որ ունենք չափազանց անխոհեմ, ամբարտավան իշխանություն, որը վտանգի է ենթարկում իր դիրքերը՝ արհամարհելով ժողովրդի պահանջներն ու ակնկալիքները բարեփոխումներ անելու երկրում: Բացի այդ, հեղինակազրկված է ավանդական ընդդիմությունը, որի պատճառով մի շարք ընդդիմադիր ուժեր դարձել են մարգինալ, հեղինակազրկված են և չունեն ժողովրդականություն: Մեզ պետք են նոր քաղաքական, ընդդիմադիր կուսակցություններ:
Այս իրավիճակը ուրվագծում է առճակատման նոր, վտանգավոր շրջափուլ, որի ընթացքում պայքարը լինելու է հետևյալ տրամադրությամբ՝ կամ մեզ հետ ես, կամ մեր դեմ ես: Քաղաքական դաշտը վերածվում է սևի ու սպիտակի: Չկան չափավոր ուժեր: Եվ չկա հեշտ ելք այս իրավիճակից ո՛չ զինված խմբի, ո՛չ ոստիկանության կամ պետության, ո՛չ էլ ցուցարարների համար: Սա մեզ տանում է ավելի վտանգավոր առճակատման, որը կարող է միայն սրվել:
Պարզ է մի բան, որ սա արտացոլում է ինչպես ցուցարարների և զինյալների, այնպես էլ պետության հուսահատ վիճակը: Սա նշանակում է, որ ետդարձի ճանապարհ չկա, հնարավոր չէ վերադառնալ նախկին ստատուս-քվոյին: Սա նոր նորմա է՝ հատկապես ապրիլյան հարձակումից հետո: Կոռուպցիան այլևս չի կարելի հանդուրժել. դա սպառնալիք է պետության անվտանգությանը: Անհրաժեշտ է շեշտել, որ Հայաստանի Հանրապետության ներսում կայուն ու անվտանգ վիճակին վերադառնալու համար այլևս բավարար չեն խոստումները բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Այժմ իշխանությունը կա՛մ պիտի ամբողջությամբ բավարարի մարդկանց ակնկալիքները՝ իրականացնելով բարեփոխումներ, վերացնելով կոռուպցիան և օլիգարխիան, կա՛մ էլ պիտի հրաժարական տա: Երրորդ տարբերակ չկա: Քաղաքացիներն այսօր ավելի ակտիվ են դարձել, և անտարբերությունը գնալով քչանում է, բայց ուզում եմ նաև մեկ այլ տխուր արձանագրում անել. պետության կողմից վերահսկվող կամ իշխանամետ հեռուստաընկերությունները փորձում են անտեսել այսօրվա զարգացումները՝ ցույց չտալով իրական պատկերը երկրում: Սա շատ վտանգավոր է, որովհետև նրանք չեն ուզում խոսել այս խնդրի իրական պատճառների մասին: Միաժամանակ ամոթալի է այն, որ Հայաստանի նախագահը և իր կառավարության մեծ մասը զարմանալիորեն լուռ էին և որևէ կերպ չէին արձագանքում այսօրվա ճգնաժամին:
– Ձեր նշած սցենարներից ո՞րն եք ավելի հավանական համարում, բարեփոխումների իրականացումը ներկայիս իշխանության կողմից, թե՞ հրաժարականը:
– Հայաստանի վերջին 20 տարիների քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ պարտադրված կամ ստիպողական հրաժարականներ եղել են, բայց որևէ իշխանություն իր կամքով հրաժարական չի տվել: Այս իմաստով՝ դա հավանական չէ: Ավելի հավանական սցենարը շարունակական առճակատումն է և ճնշումը իշխանության վրա: Գուցե ավելի լավ ելք կլիներ նոր ընտրությունների նշանակումը: Եթե մենք անցում ենք կատարում կառավարման խորհրդարանական համակարգին, գուցե խորհրդարանական ընտրությունները նախատեսված ժամկետից ավելի շուտ նշանակելը լավ ելք լինի այս իրավիճակից: Բայց խնդիրն այն է, թե ինչ մենք տեսանք նախորդ գիշեր. ոստիկանությունը բացահայտորեն հարձակվում է լրագրողների վրա, քաղաքացիական հագուստով ոստիկանները փայտե և երկաթե մահակներով ծեծում են լրագրողներին և այլ անմեղ դիտորդների: Սա վկայում է այն մասին, որ փոխզիջումային տարբերակով համաձայնության գալու ժամանակն անցել է, հետևաբար ես համոզված եմ, որ չկա հստակ լուծում կամ դեղատոմս՝ բարեփոխումներից և իրական քաղաքական փոփոխություններից բացի: Օրինակ, գործող վարչապետը, մյուս նախարարները բացահայտ կոռումպացված են: Մարդիկ չափից ավելի շատ են հանդուրժել այս հանգամանքը: Ժամանակն է փոփոխություններ կատարել և հեռացնել մի շարք նախարարների, հեռացնել կոռումպացված տարրերը՝ որպես ժեստ իշխանության կողմից լուծելու ավելի խորը խնդիրներ:
– Իսկ ո՞վ պիտի անի այդ բարեփոխումները, որոնց մասին խոսում եք:
– Սա խնդրի մի մասն է: Ներկայիս իշխանությունը, որը օրինականության ցածր մակարդակ ունի, Հայաստանի պատմության ամենաոչժողովրդական կառավարությունն է, ինչը նշանակում է, որ պարտադիր չէ սպասել գործող իշխանությունից ընդգծված առաջնորդություն կամ ռազմավարական տեսլական: Սահմանադրականորեն, եթե նույնիսկ ընդունվի Հայաստանի նախագահի հրաժարականի պահանջը, իրավիճակը կարող է ավելի բարդանալ, որովհետև դրանից հետո իշխանության գլուխ կդառնան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կամ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այսինքն՝ չկա հեշտ ելք, որովհետև չկա ակնհայտ այլընտրանք:
– Արտաքին քաղաքականությունը, Ձեր կարծիքով, ի՞նչ ազդեցություն ունի այս իրավիճակի վրա:
– Գլխավոր վտանգն այն է, որ այս իրավիճակը կարող է Ադրբեջանի կողմից ընկալվել որպես հնարավորություն հարձակվելու համար կամ Հայաստանի արտաքին քաղաքականության թուլության նշան: Ավելի կոնկրետ վտանգը, սակայն, այն է, որ ինչքան երկար սա տևի, այնքան Ռուսաստանն ավելի շատ է գայթակղվելու այս իրավիճակին միջամտելու գաղափարով՝ շոշափելով վտանգի և անկայունության աստիճանը, որը սպառնում է Ռուսաստանի ազգային շահերին: Եվ կա իրական վտանգ, որ կարող է կրկնվել ոչ միայն 2008 թ. մարտի 1-ը, այլև Ռուսաստանի հանցակցությունը 1999 թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանի վրա տեղի ունեցած հարձակմանը և բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններին: Եվ ես շատ եմ մտահոգված, որ Ռուսաստանը ինչ-որ պահի կարող է ուղղակիորեն միջամտել և ավելի վատացնել իրադրությունը:
– Փաստորեն Դուք հնարավոր եք համարում, որ Ռուսաստանը կարող է ինչ-որ կերպ միջամտել:
– Բնականաբար, որովհետև Մոսկվայի տեսանկյունից՝ կա հստակ սահման, թե որքան կարող է նրանք հանդուրժել անկայունությունը Հայաստանի ներսում, նախքան նրանք կսկսեն գործել:
– Այդ միջամտությունը կլինի քաղաքակա՞ն, թե՞ ուժային ճանապարհով:
– Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, ռազմական և անվտանգային հարաբերություններ, որոնք դուրս են գալիս պարզապես քաղաքական կամ տնտեսական համագործակցության շրջանակներից: Եվ պիտի ասեմ, որ Ռուսաստանը շատ առումներով այլևս վստահելի գործընկեր չէ Հայաստանի համար: Հաշվի առնելով Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման գործում՝ կարելի է ասել, որ Ռուսաստանը ապակայունացնող դեր է խաղում:
– Շատ փորձագետներ այս ճգնաժամը կապում են ղարաբաղյան հարցի հետ՝ ասելով, որ այսօրվա իրադարձությունները կապված են ղարաբաղյան բանակցությունների հետ: Դուք կապ տեսնո՞ւմ եք այս երկու հարցերի միջև, և որքանո՞վ այս ճգնաժամը կազդի բանակցային գործընթացի վրա:
– Սա շատ լավ հարց է: Առաջինը՝ այո, ուղիղ կապ կա Ղարաբաղի հարցով վտանգի ընկալման և իրականության միջև: Այլ կերպ ասած՝ ես չեմ հավատում կամ չեմ տեսնում իրական վտանգ, որ Հայաստանի ղեկավարությունը պատրաստվում է զիջումներ անել Լեռնային Ղարաբաղի հարցում: Հետաքրքիրն այն է, որ ընկալումն է բոլորովին տարբեր, և դրա պատճառը ապրիլյան պատերազմն է և Ադրբեջանի հարձակումը, որը կարողացավ գրավել և պահել որոշ տարածքներ, և Հայաստանի այսպես ասած՝ դաշնակից Ռուսաստանի խայտառակ պահվածքը, որը ստիպեց կանգնեցնել հայկական կողմի գրոհը: Այսպիսով, սա շատ առումներով վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, բայց հիմնական շարժիչ ուժը հանրության դժգոհությունն է ոչ միայն ղարաբաղյան հարցից, այլև ընդհանուր իրավիճակից:







































