Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ուրբաթ օրը տեղի է ունեցել զինվորական շքերթ` նվիրված Վենեսուելայի անկախության 202-րդ տարելիցին, հաղորդում է ITAR-TASS-ը:
Միջոցառման մասնակիցների առջև ելույթ ունենալիս նախագահ Նիկոլաս Մադուրոն համաքաղաքացիներին շնորհավորել է Իսպանիայի գաղութից երկրի ազատագրման տարելիցի կապակցությամբ` մեջբերելով ազգային հերոս Սիմոն Բոլիվարի խոսքերն այն մասին, որ միայն իսկական ազատությունն է ժողովուրդներին թույլ տալիս հասնել բարեկեցության և առաջընթացի:
Շքերթից առաջ Մադուրոն հայտարարել է, որ պաշտպանության նոր նախարար է նշանակվել ծովակալ Կարմեն Մելենդեսը` նշելով, որ նա դարձել է Վենեսուելայի պատմության մեջ առաջին կին նախարարը, որը կղեկավարի պաշտպանական գերատեսչությունը:
Վենեսուելայի զինված ուժերը շքերթին ներկայացրել են ռուսական ռազմական տեխնիկայի բազմաթիվ նմուշներ, այդ թվում` T-72 տանկեր, հակաօդային պաշտպանության տարբեր զինատեսակներ, ԲՄՊ-3 մարտական մեքենաներ և այլն:









































