ՀՀԿ-ն որոշել է, որ Սյունիքի նոր մարզպետ է լինելու պատգամավոր Վահե Հակոբյանը՝ ՀՀԿ-ից: Նա Կապանի լեռնահարստացման կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: Մաքսիմ Հակոբյանը Սյունիքում բավական ազդեցիկ դեմք էր, որը երկար ժամանակ մրցակցում էր նախկին մարզպետ Լիսկայի հետ՝ այդ մրցակցությունում չկարողանալով հասնել շոշափելի առավելությունների: Սակայն ողբերգական դեպքից հետո, երբ Լիսկայի տան մերձակայքում նրա հարազատները սպանեցին Բուդաղյան եղբայրներից մեկին, Լիսկայի դարաշրջանը Սյունիքում կամ ավարտվեց, կամ գոնե առժամանակ առկախվեց, և Մաքսիմ Հակոբյանը փաստորեն ստացավ առավելություն, որին ձգտում էր, և նրա որդին կդառնա մարզպետ:
Այսպիսով՝ Կապանում զոռբայությունը տեղը կզիջի ֆինանսներին: Այսինքն՝ նոր մարզպետը, անկասկած, Լիսկա չի լինի և իր իշխանությունը առաջ կտանի ոչ թե զենքով և ուժով, այլ ֆինանսական կարողություններով: Համեմատության մեջ եթե դիտարկում ենք, ապա ըստ էության առաջընթաց է ստացվում, սակայն երբ հարցին նայում ենք խորքային տեսանկյունից, ապա ստացվում է, որ ռազմա-քաղաքական, պատմա-աշխարհագրական առումով Հայաստանի կարևորագույն մարզը հանձնվում է բիզնեսին: Այսինքն՝ ըստ էության սա ֆեոդալապետության մի տարատեսակ է, մի ձև, մի փիլիսոփայություն, որը կիրառվում է հայրենիքի կարևոր հատվածներից մեկի հանդեպ:
Սյունիքի հանդեպ իրականում քաղաքական մոտեցում է հարկավոր՝ նկատի ունենալով մարզի աշխարհագրական և ռազմա-քաղաքական նշանակությունը, Իրանի, Արցախի, Նախիջևանի հետ սահմանակից լինելը: Այս ամենը չափազանց կարևոր է տարածաշրջանային ներկայիս դասավորության և հավանական միտումների, վեկտորների տեսանկյունից: Միայն Իրանի պարագան բավական է՝ հասկանալու համար, որ Սյունիքը ըստ էության ձեռք է բերում կարևոր նշանակություն ոչ միայն Հայաստանի կամ ընդհանրապես հարավկովկասյան տարածաշրջանի, այլ գուցե նաև աշխարհի մասշտաբով, որովհետև եթե Արևմուտքը Իրանի նոր նախագահի հետ սկսի այլ որակի՝ առավել նվազ լարված հարաբերությունների հաստատում, պայմանավորվածությունների քաղաքականության փորձ, ապա այստեղ առաջին խողովակներից մեկը պետք է դառնա Հայաստանը՝ ի դեմս Սյունիքի:
Սակայն ՀՀԿ-ի գործողություններում քաղաքական տրամաբանությունն ու բաղադրիչը բացակայում են՝ թեկուզ այն պարզ պատճառով, որ մարզպետ է նշանակվում մի մարդ, որը Լիսկայի համեմատ ունենալով, իհարկե, բազում առավելություններ և միգուցե նաև առաքինություններ՝ իրականում իր քաղաքական կարիերայի թեկուզ կարճ ժամանակահատվածում որևէ կոնցեպտուալ մոտեցում հանդես չի բերել Սյունիքի ներկայի և ապագայի կապակցությամբ: Օրինակ՝ Վահե Հակոբյանը և Մաքսիմ Հակոբյանը, լինելով Սյունիքի մարզում առանցքային դեմքեր, կարծես որևէ հրապարակային հստակ դիրքորոշում չարտահայտեցին Սյունիքի արոտավայրերն իրանցի հովիվներին վարձակալության տրամադրելու Լիսկայի կամ Հայաստանի իշխանության վտանգավոր որոշման դեմ:
Այսինքն՝ ըստ էության շարունակվում է Սյունիքի հանդեպ ամորֆ քաղաքականությունը, որ վարում են իշխանությունները՝ այն դեպքում, երբ այդ տարածաշրջանում խնդիրը բոլորովին էլ միայն մենեջերական անձնակազմի որակական հատկանիշների մեջ չէ, այլ նաև փիլիսոփայական և աշխարհայացքային: Սակայն ամենևին զարմանալի չէ, որ դրանցով հագեցած որոշում Սյունիքի մասով չկա, որովհետև այդպիսի որոշման համար այդ որակներով պետք է հագեցած լինեն նախ որոշում կայացնողները:









































