Վենեսուելայի և Նիկարագուայի նախագահներ Նիկոլաս Մադուրոն և Դանիել Օրտեգան պատրաստակամություն են հայտնել ապաստան տրամադրել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին: Ինչպես այսօր հայտնել է Reuters գործակալությունը՝ այդ լատինաամերիկյան պետությունների առաջնորդները համապատասխան հայցեր են ստացել ամերիկացուց և պատրաստ են բավարարել նրա խնդրանքը:
Երեկ բոլիվարական հանրապետության անկախության 202-ամյակին նվիրված զորահանդեսի մասնակիցների առջև ելույթի ժամանակ Մադուրոն հայտարարել էր, որ որպես պետության և կառավարության ղեկավար՝ ինքը որոշել է մարդասիրական ապաստան առաջարկել երիտասարդ ամերիկացուն, որպեսզի նա կարողանա լինել Բոլիվարի ու Չավեսի հայրենիքում՝ թաքնվելով ԱՄՆ-ի հետապնդումներից:
Նրա կարծիքով՝ Սնոուդենը չի արել ոչինչ՝ ճշմարտությունն ասելուց բացի, որից հետո ենթարկվել է հետապնդման՝ «աշխարհում ամենահզոր կայսրության կողմից»:
Դրանից կարճ ժամանակ առաջ Դանիել Օրտեգան հայտարարել էր, որ հայց է ստացել Սնոուդենի կողմից և մտադիր է բավարարել նրա խնդրանքը: «Մենք բաց երկիր ենք և հարգանքով ենք վերաբերվում ապաստանի իրավունքին: Իսկապես, մենք ուրախությամբ կընդունենք Սնոուդենին և ապաստան կտրամադրենք մեզ մոտ՝ Նիկարագուայում»,- ասել է Օրտեգան:
Այս շաբաթ ավելի վաղ Սնոուդենին ապաստան տրամադրելու պատրաստակամություն էր հայտնել ևս մեկ լատինաամերիկյան երկիր՝ Բոլիվիան:







































