ԱՄՆ-ի գլխավոր խորհրդանիշը՝ Ազատության արձանը, որը շուրջ երկու տարի անհասանելի էր զբոսաշրջիկների համար, այժմ կրկին բաց է: Տոնական արարողությունը նվիրված է եղել Անկախության օրվան՝ հուլիսի 4-ին: Հուշարձանի պատասխանատուները հույս ունեն, որ հերթական վերանորոգմանը դեռ երկար կսպասեն:
«Ես, անկեղծ ասած, արդեն հոգնել են Ազատության արձանի մշտական բացվել-փակվելուց: Թերևս, գոնե որոշ ժամանակ հանգիստ կաշխատի»,- ասել է հուշարձանի գլխավոր պատասխանատու Դեյվ Լաչսինգերը, որի խոսքերը մեջբերում է USA Today-ը:
Երկրի գլխավոր ազգային տոնին նվիրված միջոցառմանը մասնակցել են Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը և քաղաքապետարանի աշխատակիցներ: ««Լեդի Ազատությունը» Ամերիկայի էությունն է»,- ասել է Բլումբերգը՝ հավելելով, որ ամերիկացիների բազում սերունդների համար այդ հուշարձան այցելությունները կյանքի հատուկ իրադարձություն են եղել: Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել ֆրանսիացիներին՝ հիշեցնելով, որ արձանը Ֆրանսիայի կողմից նվիրաբերվել է ԱՄՆ-ին՝ ամերիկյան հեղափոխության հարյուրամյակի առթիվ:
Ազատության արձանը փակվել էր 2011թ.՝ վերանորոգման նպատակով: Աշխատանքները տարվել էին մի քանի ամիս և բարեհաջող ավարտվել էին: Վերանորոգումն արժեցել էր 30 մլն դոլար. արձանի արտաքին տեսքը չէր փոխվել, սակայն տեղադրել էին անվտանգության ժամանակակից համակարգեր, վերելակներ և հաշմանդամների սայլակինների համար հատուկ հարմարանքներ: Հին աստիճանները փոխարինվել էին նորերով, փոխվել էր նաև արձանի լուսավորման համակարգը:
Սակայն բացումից ընդամենը 6 ժամ անց վրա էր հասել «Սենդի» փոթորիկը: Ազատության կղզու 76%-ը անցել էր ջրի տակ: Արձանն ու նրա պատվանդանը չէին տուժել, սակայն վնասվել էր դեպի արձան տանող ճանապարհը, բացի այդ վնասվել էր նաև արձանի մոտակայքում գտնվող զբոսանքի համար նախատեսված հատվածը: Անհրաժեշտություն էր առաջացել նաև վերականգնել էլեկտրամատակարարման համակարգը:









































