Կիպրոսը չի կարող ընդունել սիրիացի ոչ մի փախստականի՝ մտավախություն ունենալով անկառավարելի հոսքից: Այս մասին ITAR-TASS-ին հաղորդել է հանրապետության էմիգրացիոն բաժնի ղեկավար Անի Շակալին:
«Այսօրվա դրությամբ մեզ համար Սիրիայում տիրող իրավիճակն ամենամեծ վտանգն է ներկայացնում: Դա բացատրվում է Կիպրոսի և Սիրիայի միջև ոչ մեծ հեռավորությամբ, ինչպես նաև հասանելիությամբ, որ սիրիացի փախստականներն ունեն Հյուսիսային Կիպրոսի՝ Թուրքիայի կողմից շրջափակված տարածքներում» ,- ասել է նա:
Շակալին նաև նշել է, որ սիրիացիներն անօրինական կերպով անցնում են կղզու հյուսիսային մասով և դիմում են Կիպրոսի իշխանություններին՝ խնդրելով իրենց տրամադրել փախստականի կոչում:
Նրա խոսքերով՝ խնդիրը նաև այն է, որ կղզում արդեն ապրում են շատ սիրիացիներ, որոնք ժամանել են վերջին իրադարձություններից առաջ: Շակալին նշել է, որ ապրիլ ամսվա դրությամբ հանրապետությունում սիրիացի փախստականների թիվը կազմել է 2424:
«Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք Կիպրոսի տարածքով տարանցիկ փոխադրման աջակցություն ցուցաբերել երրորդ երկրների քաղաքացիներին՝ Սիրիայից նրանց տարհանվելու դեպքում»,- հավելել է նա:









































