Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հասավ իր ուզածին: Երեկ Մանվել Բադալյանի ղեկավարած Քաղծառայության խորհուրդը տվել է իր համաձայնությունը ԲՈՀ-ի նախագահ Արտյուշա Ղուկասյանին նախարարի երկրորդ խիստ նկատողությունը տալու համար, ինչը և հիմք է հանդիսացել Ղուկասյանին աշխատանքից ազատման հրամանի համար: Սակայն ԲՈՀ-ի նախագահը համաձայն չէ ինչպես Քաղծառայության խորհրդի, այնպես էլ նախարարի հրամանների հետ: Նա պնդում է, որ այդ ամենը կատարվել է որոշ փաստաթղթեր կեղծելու արդյունքում:
«Հրապարակ»-ը զրուցել է Արտյուշա Ղուկասյանի հետ:
– Պարոն Ղուկասյան, այս ընթացքում բազմաթիվ վարկածներ շրջանառվեցին, թե ինչու է Աշոտյանն ուզում ազատել Ձեզ: Վերջիվերջո կասե՞ք, թե որտեղից ծագեց այս հակասությունը:
– Նախարարին հարցրեք, թե այդ ցանկությունը որտեղից է ծնվել իր մոտ: Իրենից հարցրեք, ես չգիտեմ: Այստեղ հիմնական շեշտն այն է, որ ինքը պայքարում էր, որ ազատման հրամանը լինի: Մնացած բոլորն արդեն ոչ հիմնավորված խոսակցություններ են, միջանկյալ խնդիրներ:
– Իսկ ինչ եք պատրաստվում անել: Բողոքարկելո՞ւ եք դատարանում այդ որոշումները:
– Կմտածենք: Դեռևս հստակ որոշում չկա: Կմտածենք՝ նոր:
– Պարոն Ղուկասյան, շատ է խոսվում, որ այս տարիներին ԲՈՀ-ը գիտական աստիճանները պարզապես վաճառում է, երբեմն այնպիսի մարդկանց է գիտական աստիճաններ շնորհում, որոնք բավական հեռու են գիտությունից: Ի՞նչ կասեք այս առումով:
– Ես այս տեսակ խոսակցություններին հանգիստ եմ վերաբերվում: Դրանք չեն կարող լուրջ լինել: Եթե կոնկրետ գործի մասին խոսենք, ապա յուրաքանչյուրն ունի իր սկիզբը, ավարտը, իր մասին որոշումը: Ոչ մի երկու գործ իրար նման չեն:
– Խոսքը բոլորովին այլ խնդրի մասին էր, ոչ թե միանման գործերի: Դուք պնդո՞ւմ եք, որ բոլոր պաշտպանածներն արժանի են իրենց ստացած գիտական աստիճաններին:
– Այդ բոլոր հարցերով դիմեք այն խորհրդին, որտեղից դրական եզրակացությունով գալիս, մեզ մոտ է հասնում: Մեզ մոտ գիտական հիմնարկ չէ, որ ասենք՝ դիսերտացիան լավն էր կամ վատն էր: Բոլորը, ինչ որ կատարվում է, կատարվում է խորհուրդներում: Ես չեմ կարող ասել, որ մեր խորհուրդները վատն են: Խորհուրդները բավական բարձր մակարդակով են: Այդտեսակ խոսակցությունները միտված են նրան, որ թերահավատություն առաջացնեն գիտնականների և ընդհանրապես ոլորտի նկատմամբ: Դրանք շատ վտանգավոր խոսակցություններ են:
Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:









































