«Հրապարակ»-ը զրուցել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:
– Ո՞րն է գլխավոր պատճառը, ինչո՞ւ են խախտվում սահմանադրական նորմերը, և ովքե՞ր են խախտում:
– Գլխավոր պատճառն այն է, որ չկա սահմանադրականության մշտական դիտարկման համակարg: Ցավոք սրտի, շատ հաճախ քաղաքացիական հասարակության պոռթկումները դիտվում են որպես կամ անընդունելի, ընդհուպ թշնամական երևույթ: Ճիշտ հակառակը, քաղաքացիական հասարակության դերակատարությունն այստեղ բացառիկ կարևոր է, որովհետև նա իր վրա զգում է սահմանադրական հավասարակշռության խախտման անմիջական ազդեցությունը: Տարրական համեմատություն. եթե օրգանիզմում ներվային և իմունային համակարգը ներդաշնակ չեն գործում, դա ամենասարսափելի հիվանդությունն է մարդու համար, իսկ քաղաքացիական հասարակության արձագանքը հենց այդ ներվային համակարգի արձագանքն է, որը պետք է անմիջապես միացնի իմունային համակարգը, բացահայտի, գնահատի և հաղթահարի խախտված հավասարակշռությունը:
…Հայաստանում իրավունքի գերակայության հաստատումը նույնպես լուրջ գործընթաց է, որը կարող է լինել լրացուցիչ սահմանադրական բարեփոխումների արդյունքում:
– Պարոն Հարությունյան, ոլորտն անկատար է, մինչդեռ երկար տարիներ ղեկավարում եք ոլորտը, կասե՞ք, թե որն է Ձեր երկարակեցության գաղտնիքը, Դուք կարծես երկրի եզակի անփոխարինելի պաշտոնյաներից լինեք:
– Անփոխարինելի մարդիկ ընդհանրապես չկան, կան մասնագիտություններ և ինստիտուտներ, որոնք պահանջում են առանձնահատուկ մոտեցումներ: ՍԴ նախագահների մեջ ես ռեկորդակիր չեմ, օրինակ Ադամովիչը՝ Ավստրիայի ՍԴ նախագահը, 25 տարի նախագահեց: Սա ինստիտուտի կառավարման բնույթից է գալիս, թերևս դրա նպատակը մեկն է՝ ապահովել համակարգի կայացումը և որոշակի կայուն դոկտրինալ դիրքորոշումների զարգացումը:
– Իսկ հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանի հետ Ձեր խնամիական կապերն են դեր խաղում:
– Դա Հայաստանի մտածողություն է, մարդկանց պրիմիտիվ դատողություններ: Մեզ մոտ, ցավոք սրտի, շատերը՝ բան ու գործը թողած… ժամանակին Խորենացին ասում էր՝ «տգիտության չարափառություն» են հաստատում երկրում: Այսինքն, դրանք կենցաղային մանր-մունր խոսակցություններ են: Սովորաբար մարդիկ լսում են այն, ինչ հասկանում են, եթե հասկանում են այդչափ, այդչափ են լսում՝ անկախ նրանից, թե ինչ ես ասում, ինչպես ես ասում: Ցավոք սրտի, հասարակությունը վերափոխման կարիք ունի, իսկ դրա համար միայն իշխանության վերափոխումը բավարար չէ:
Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:









































