Եգիպտոսի կառավարությունը վստահեցնում է ԱՄՆ-ին, որ նախագահ Մուհամմադ Մուրսիի տապալումը ռազմական հեղաշրջում չէ և չպետք է վնաս հասցնի Վաշինգտոնի հետ ռազմավարական հարաբերություններին: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Մուհամմադ Քամել Ալի Ամրը պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում:
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը Եգիպտոսի ռազմավարական գործընկերն է, և Եգիպտոսի բարեկեցությունը կարևոր է Միացյալ Նահանգների համար: Նա հույս է հայտնել, որ ամերիկացիները ճիշտ կգնահատեն իրավիճակը՝ նշելով, որ դա ռազմական հեղաշրջում չէ, պարզապես գերակշռել է ժողովրդի կամքը:
Արտգործնախարարի խոսքով՝ պետքարտուղարը վստահեցրել է իրեն, որ ԱՄՆ-ը Եգիպտոսը համարում է ռազմավարական դաշնակից և անտարբեր չէ հանրապետությունում կայունության ապահովման հարցում: Քերին շոշափել է նաև մարդու իրավունքների պաշտպանության թեման: Եգիպտոսի արտգործնախարարը բացառել է վրեժխնդրության գործողությունները Մուրսիի կողմնակիցների դեմ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կողմից Եգիպտոսին հատկացվող օգնությունը տարեկան կազմում է 1.5 միլիարդ դոլար:











































