Եգիպտացի զինվորականները, որոնք իշխանությունից հեռացրել են նախագահ Մուհամմադ Մուրսիին, աշխարհիկ ընդդիմության ղեկավար Մուհամմադ Ալ-Բարադեյին համարում են հիմնական թեկնածու՝ անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական և քաղաքական շրջանների իր աղբյուրներին:
Նրանց տվյալներով՝ կառավարության ապագա ղեկավարի մասին որոշումը կարող է կայացվել հինգշաբթի:
«Ալ-Բարադեյը մեր առաջին թեկնածուն է: Նա միջազգային գործիչ է, հայտնի՝ երիտասարդության շրջանում… Նա նաև հայտնի է իսլամիստական խմբերի շրջանում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Reuters-ի տվյալներով՝ այլ հավանական թեկնածուներ են նախկին վարչապետ Քամալ Ալ-Ջանզուրին, որն անցումային կառավարությունը ղեկավարել է 2011-2012թթ.՝ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո, և Կենտրոնական բանկի նախկին կառավարիչ Ֆարուք Ալ-Օքդան:
Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը Եգիպտոսի բանակը նախագահ Մուհամմադ Մուրսիին հեռացրել է իշխանությունից՝ ժամանակավորապես դադարեցնելով Սահմանադրության գործողությունը, իսկ Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը ստանձնել է երկրի ժամանակավոր ղեկավարի պարտականությունները:











































