Սերժ Սարգսյանը, ըստ էության, հրապարակայնորեն ճնշում գործադրեց Վերահսկիչ պալատի նախագահի և ընդհանրապես ամբողջ ՎՊ ինստիտուտի նկատմամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«ՎՊ ինստիտուտը հավասարեցրին հողին, և հավասարեցնողը ոչ այլ ոք էր, քան Սերժ Սարգսյանը. սա բոլորի կողմից կորակվեր որպես սահմանադրական լիազորությունների գերազանցում, ապօրինի ճնշում և արդարադատության խոչընդոտում: Այս դեպքերում նախագահին իմպիչմենթ են հայտնում: Սերժ Սարգսյանի գործողությունները հիմք են ստեղծում նրան իմպիչմենթի ենթարկելու համար»,- ասաց նա:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք 2011թ. նախապատրաստել են Ս. Սարգսյանի իմպիչմենթի իրավաքաղաքական հիմքերը, և սա ևս մեկ հանցագործություն է, մյուսների շարունակությունն է. «Մենք Միացյալ Նահանգներում չենք, որ պատրանք ունենանք, թե իմպիչմենթ կարվի, բայց մեր պարտքն ենք համարում նշել, որ դրա համար բոլոր հիմքերը կան: Այդ ամենն ամրապնդվեց այն ելութով, որ նա ունեցավ՝ ճնշում գործադրելով ՎՊ-ի վրա»,- նշեց նա:
Հարցին՝ ինչքա՞ն են թալանում Հայաստանից, պատասխանեց. «Իրականում դրա պատասխանը նույն ՎՊ-ն 2008 թվականին տվել է, որևէ նոր բան չկա: Ավելին ասեմ՝ նախորդ հաշվետվությունների բացահայտված հարցերը շատ ավելի աղաղակող ու խայտառակ էին: Իսկ թե ինչու հիմա այսպիսի աղմուկ բարձրացվեց, ասեմ՝ հիմա նախ և առաջ պետք է արձանագրվի այն իրողությունը, որ այսօր վերջապես Ազգային ժողովում կա ընդդիմություն՝ ի դեմս Կոնգրեսի, որն ամեն մի նման դեպքի մասին՝ կլինի դա օֆշորային սկանդալ, թե գազի գնի բարձրացում, բացահայտ խոսում է և բարձրաձայնում»:
Ըստ բանախոսի՝ իշխանությունում լիդերության պայքար են սկսել, այս պայքարը շարունակվելու է, որովհետև Հայաստանը հայտնվել է ճգնաժամի մեջ. «Իշխանությունը հիմա պարզապես անկարող է դիմակայել ընդդիմության հետ առերեսմանը»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































