Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ հայտարարություն է արել՝ ասելով, թե քանի որ երկրում ընդդիմությունը թույլ է, իշխանություններն իրենք են ստիպված իրենց ներսում այլակարծություն ձևավորել: Անմեկնելի են, իհարկե, հայաստանյան իշխանության մտքերը, որովհետև Արմեն Աշոտյանի համար չէր կարող անհետ մնալ Գալուստ Սահակյանի հետ երկար տարիներ միևնույն կուսակցության մեջ լինելու իրողությունը: Սակայն, ամենայն հավանականությամբ, առաջիկայում Հայաստանի իշխանությանը հարկ կլինի միջազգային ասպարեզում ամրագրել «ներքին այլակարծության» գաղափարի իր հեղինակային իրավունքը, որովհետև դա այնքան գայթակղիչ գաղափար է ամբողջատիրական իշխանությունների համար, որ նրանք առաջիկայում կարող են յուրացնել այն:
Մինչդեռ Հայաստանի իշխանությունները կարող են, հեղինակային իրավունքն ամրագրելով, պարզապես վաճառել գաղափարն ամբողջատիրական իշխանություններին և հավելյալ եկամուտ կամ շահույթ ստանալ: Վստահ ենք, որ եթե իշխանություններն ագահ չլինեն և սահմանեն հարմար գներ՝ զեղչերի ճկուն համակարգով, ապա գաղափարը շատ հաճախորդներ կունենա և՛ հետխորհրդային տարածքում, և՛ այլ երկրներում, որտեղ ամբողջատիրական իշխանական համակարգեր են, և որտեղ իշխանությունները վերացրել են «ընդդիմություն» հասկացությունը կամ վերածել ձևականության, իսկ ընդդիմադիրներն էլ առանձնապես չեն ընդդիմացել նման հեռանկարին և նույնիսկ սկսել են համագործակցել իշխանական համակարգի տարբեր թևերի հետ:
Սակայն, մյուս կողմից՝ իշխանություններին հարկավոր է նաև շատ զգույշ լինել՝ սեփական գաղափարով շատ չտարվելու և չոգևորվելու համար: Ինքն իր մեջ այլակարծություն խրախուսելով և խթանելով՝ ընդդիմությանը փոխարինելու համար, իշխանությունները հանկարծ կարող են իրենք իրենց զոհը դառնալ: Դրա համար շատ կարևոր է, որ իրենց իսկ ստեղծած այլակարծությունն իշխանությունները վերահսկեն և չմոռանան, որ դա իրական այլակարծություն չէ, այլ իրենց իսկ ստեղծածը: Այլապես մեկ էլ տեսար մոռանան, և իշխանությունն իր իսկ ներսում սկսի արդեն լուրջ ռեպրեսիաներ այլախոհների դեմ: Եթե նրանց միայն բանտ նստեցնեն, դա դեռ ոչինչ, որովհետև հետո իշխանությունները կարող են սթափվել և հասկանալով, որ բանտարկել են ոչ թե «բնական», այլ իրենց «արհեստածին» այլախոհներին՝ նրանց կազատեն բանտից կամ բանտում դրախտային պայմաններ կապահովեն նրանց համար: Բայց, վտանգն այն է, որ իշխանությունները կարող են մոռանալ իրենց իսկ ստեղծած այլախոհներին և ոչ թե բանտարկեն նրանց, այլ տարվելով իրենց իսկ հնարած ժանրային կանոններով՝ պարզապես գնդակահարեն, ինչպես Մարտի 1-ին խաղաղ ցուցարարների հետ վարվեցին՝ Հայաստանում ստեղծելով այլակարծությունն ու այլախոհությունը գնդակահարելու նախադեպ:
Այնպես որ, քանի որ իշխանական համակարգում նախադեպը կա, իսկ մեղավորներն էլ պատժված չեն, պատասխանատվության չեն ենթարկվել և, ըստ էության, ոչինչ չի էլ արվում նրանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար, իշխանությունները պետք է շատ զգույշ լինեն այլակարծություն թողարկելու իրենց նախաձեռնության մեջ և շատ չոգևորվեն՝ անդառնալի իրողություններից խուսափելու համար:











































