Հոլիվուդյան ռեժիսոր Ջորջ Լուկասը՝ «Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հեղինակը, Սպիտակ տան կողմից կարժանանա մրցանակի՝ հայտնում է The Hollywood Reporter-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից ասել են, որ բեմադրիչի անունը ներառված է ավելի քան 20 դափնեկիրների անուններում, որոնք արժանացել են արվեստի ու հումանիտար գիտությունների ազգային մեդալի: Պարգևատրման արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ Վաշինգտոնում:
Ցանկում հայտնվել են նաև սցենարիստներ Թոնի Քուշները և Ջոան Դիդիոնը:
Մեդալ կստանան նաև օպերային երգչուհի Ռենե Ֆլեմինգը, պարող ու խորեոգրաֆ Ջոան Մայերս Բրաունը, նկարիչ Էլսվորթ Քելին և կոմպոզիտոր Ալեն Թուսենը:
Նշվում է, որ Լուկասը դափնեկիր է դարձել ամերիկյան կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար:
Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ ռեժիսորն ստեղծել է բոլոր ժամանակների ամենասիրված ու կուլտային ֆիլմերից մեկը:








































