Արգենտինայում ուղևորները, որոնց բարկացրել է երկաթուղու աշխատակիցների գործադուլը, անկարգություններ են կազմակերպել Բուենոս Այրեսի կայարաններից մեկում, ձերբակալվել է 10 մարդ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Անկարգությունները ծագել են այն բանից հետո, երբ ավտոբուսի կանգառներում սկսել են մարդկանց հսկայական հերթեր գոյանալ, որոնք ցանկացել են աշխատանքից հետո մայրաքաղաքից մեկնել արվարձան: Ագրեսիվ տրամադրված քաղաքացիների մի խումբ սկսել է քարեր նետել երկաթուղային կայարանի շենքի և անցնող ավտոբուսների վրա: Նրանք նաև այրել են անշարժ գույքի ընկերության գրասենյակը և փորձել են խանութ կողոպտել:
Ականատեսների խոսքերով՝ ոստիկանությունն իրավիճակին միջամտել է միայն 20 րոպե անց:
Երկաթուղու աշխատակիցների անսպասելի գործադուլի պատճառը Արգենտինայի իշխանությունների՝ գնացքների վագոններում տեսախցիկներ տեղադրելու ծրագրերն են: Այս միջոցն ուղղված է անվտանգության վերահսկողության ուժեղացմանը, ինչի պատճառը հունիսի 13-ին շոգեքարշների վթարն էր: Այդ ժամանակ զոհվեց 3, վիրավորվեց ավելի քան 230 մարդ:
Մեկ այլ տարբերակի համաձայն՝ երկաթուղու աշխատակիցները ցանկանում են ժամանակին ստանալ 13-րդ աշխատավարձը, որն Արգենտինայում, ըստ օրենքի, բաժանվում է երկու մասի և վճարվում է տարվա կեսին ու վերջին:







































