Ստամբուլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմ հրապարակի վերափոխման և Գեզի այգու շուրջ շինարարական աշխատանքներ սկսելու բոլոր նախագծերը: Սույն որոշումն ընդունվել է դեռևս հունիսի 6-ին: Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալքիը:
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ «նախագծի էությունը կազմող վերակառուցման ծրագրերը չեն համապատասխանում օրենսդրությանը»: Այսպիսով, մինչև քաղաքապետարանը չներկայացնի քաղաքի, ավելի կոնկրետ՝ Թաքսիմ հրապարակի վերաբերյալ զարգացման նոր ծրագիր, ցանկացած շինարարություն, ինչպես նաև այգու և հրապարակի տեսքը փոխելու ցանկացած աշխատանք ապօրինի կհամարվի:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ կհամաձայնի դատարանի որոշման հետ, եթե նույնիսկ այն կառավարության օգտին չլինի:







































