Վլադիմիր Հակոբյանն արդեն հիսուն տարի է, ինչ զբաղվում է լարախաղացությամբ: Լարախաղացն իր ամբողջ կյանքում ելույթներ է ունեցել Հայաստանի տարբեր մարզերում, երեք անգամ մասնակցել է Մոսկվայում տեղի ունեցած օլիմպիադաներին, մեդալներ է բերել Հայաստան: Մի քանի տարի անց կբոլորի լարախաղացի 70-ամյակը, սակայն ասում է, որ դեռ 4 տարի էլ «կխաղա լարի վրա»:
Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանը ցավով նշեց, որ մեզանում լարախաղացությունը մեռնում է, անհրաժեշտ է ստեղծել ստուդիա, հավաքել հանրապետության լարախաղացներին և զարկ տալ այս արվեստին. «Լարախաղացությունը մոռացության է մատնված այն մարդկանց կողմից, ովքեր գտնվում են մշակույթի նախարարությունում»:
Նրա կարծիքով՝ չկա կազմակերպիչ, սրտացավ անձ, որ հավաքի բոլոր լարախաղացներին, նրանց ընդգրկի ազգային տոների մեջ, ինչու չէ՝ նաև կրկեսում:
Վաստակավոր լարախաղացին մշակույթի նախարարությունը անգամ չի հրավիրել նկարահանվելու «Վերջին լարախաղացը» ֆիլմում, սակայն նա հիշաչար չէ, մի գիրք է հրատարակել, որտեղ պատմել է 20-րդ դարի լարախաղացների մասին:
Պրն Հակոբյանն ասաց, որ լարախաղացությունը մարդուն տալիս է ուժ, եռանդ, հավատ, սեր, հզորություն ու ֆիզիկական առողջություն:








































