Հյուսիսային Կորեայի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի այրին՝ Կիմ Չեն Ինի խորթ մայրը, 49-ամյա Կիմ Օկը, որը եղել է Կորեայի Աշխատանքային կուսակցության արվեստի կոմիտեի քարտուղարն ու զրկվել է պաշտոնից, կարող էր դառնալ քաղաքական «մաքրման» զոհ՝ հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով «Ազատ Ասիա» ռադիոկայանին:
Ռադիոկայանը հղում է կատարում իր աղբյուրին, որի խոսքով՝ Կիմ Օկն ու նրա հայրը՝ Կիմ Հեն, որը բարձր պաշտոններ էր զբաղեցնում Կորեայի Աշխատանքային կուսակցության ֆինանսների կոմիտեում, հեռացվել են պաշտոններից:
«Չի կարելի բացառել հավանականությունը, որ նրանք կարող էին դառնալ քաղաքական «մաքրման» զոհեր»,- հայտարարում է աղբյուրը:
Ռադիոկայանը պնդում է, որ Կիմ Չեն Ինը նման քայլի է դիմել իր իշխանությունը ամրապնդելու համար:
Լուրեր են շրջանառվում, որ Կիմ Օկը 2012թ. սկզբին երկու անգամ փորձել է ինքնասպանություն գործել՝ Կիմ Չեն Իրի մահից հետո:
Վերջին անգամ հանրությունը նրան տեսել է անցած տարվա հուլիսին:











































