Թբիլիսիի միջազգային օդանավակայանի աշխատակիցները հուլիսի 2-ին առգրավել են 80 iPhone 5՝ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիներից, հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:
Գերատեսչության տվյալներով՝ Դուբայ-Թբիլիսի չվերթով ժամանած Հայաստանի քաղաքացի Բորիս Բ-ն սպասասրահում Հայաստանի քաղաքացի Աշոտ Ա-ին է փոխանցել իր ձեռքի պայուսակը:
Դրանից հետո Աշոտ Ա-ն հանդիպել է նույն չվերթով ժամանած Ռուսաստանի քաղաքացի Նուրիջատ Ա-ի հետ, հաղորդում է newsgeorgia.ru-ն: Երբ Նուրիջատն ու Աշոտն ուղևորվել են ելքի կողմը, նրանցից պահանջել են ցույց տալ ուղեբեռը:
«Խուզարկության ժամանակ պարզվել է, որ ուղևորները որոշել են շրջացնել մաքսային հսկողությունը ու ներմուծել 80 հատ iPhone 5 (A1428՝ 41 հատ, A1429՝ 39 հատ) և 1 հատ Apple iPad»,- հայտնել են եկամուտների ծառայությունում:
Առգրավված իրերի արժեքը կազմել է ավելի քան 87 հազար լարի (շուրջ 53 հազար դոլար):
Գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայություն:










































