Կանադայի Վիկտորիա քաղաքում ահաբեկչության նախապատրաստման մեջ մեղադրվողները գտնվել են միջազգային ահաբեկչական կազմակերպության՝ «Ալ-Քաիդայի» գաղափարախոսության ազդեցության ներքո և պատրաստել են ինքնաշեն պայթուցիկ նյութեր: Այս մասին հաղորդում է CBC News հեռուստաալիքը:
Կանադայի ոստիկանությունը հայտարարել է Բրիտանական Կոլումբիա նահանգի մայրաքաղաքում ահաբեկչության կանխարգելման և 2 կասկածյալների ձերբակալման մասին: Գործի առթիվ մեղադրանքներ են ներկայացվել կանադացիներ՝ 39-ամյա Ստյուարտ Նութալի և 30-ամյա Ամանդա Մարի Կորորդի դեմ:
Մեղադրյալները ցանկացել են իրականացնել ահաբեկչությունը հուլիսի 1-ին, երբ նշվում էր Կանադայի օրը: Մեղադրյալների ծանոթները նշում են, որ Նութալը 2 տարի առաջ է ընդունել իսլամ և ծանոթացել է մզկիթ հաճախող Կորոդի հետ: Նշվում է նաև, որ նրանք բավականին համեստ կենսակերպ են վարել:
Մամլո ասուլիսի ժամանակ ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ չարագործները մտադիր են եղել գործի դնել պայթուցիկ սարքեր, որոնք իրական վտանգ են ներկայացրել մարդկանց կյանքի և առողջության համար: Նշվել է նաև, որ Կանադայի ոստիկանության և Կանադայի անվտանգության ուժերի համատեղ գործողությունների շնորհիվ ահաբեկիչները որևէ մեկին վնասելու հնարավորություն չեն ունեցել:









































