Գլենդելում 27-ամյա իրանահայ Վահե Համբարձումզադեն դատարան է ներկայացրել հայց՝ ընդդեմ քաղաքային իշխանությունների, ոստիկանության ծառայողների և մարզասրահի մենեջերի։ Նա նշել է, որ անարդարացիորեն մեղադրվել է քաղաքի 24 Hour Fitness-ի հանդերձարանում այլ տղամարդու սեռական օրգաններին ձեռք տալու համար։ Այս մասին հայտնում է Glendale News Press-ը։
Հայցում նա նշել է գործի քննության ընթացքում ցուցաբերված անփութության, կեղծ ձերբակալման և զրպարտության մասին։ Համբարձումզադեն պնդում է, որ ոստիկանությունը չի կարողացել պատշաճ քննություն անցկացնել և ինքնուրույն վերանայել տեսահսկման խցիկների տեսագրությունները, որոնք կարդարացնեին իրեն, և փոխարենն ապավինել են մարզասրահի աշխատակցի խոսքերին, ով սխալ կերպով իրեն նույնականացրել է կասկածյալի հետ։
Դեպքը տեղի էր ունեցել անցած փետրվարի մի երեկո։ Մարզասրահի այցելուն գրանցման բաժնում հայտնել էր, որ դրանից կես ժամ առաջ մի մարդ՝ մոտ 1.80 մ հասակի, դեղին-սպիտակ հողաթափերով և մի ականջին երկու ականջօղով, հետևել է իրեն մինչև լողասենյակ, ցնցուղի միացման հարցում օգնություն խնդրել և շոշափել իր սեռական օրգանները։
Համբարձումզադեն, ով մասնագիտությամբ փաստաբան է, ասել է, որ ինքը չի համապատասխանում նկարագրությանը, իր ականջին նույնիսկ պիրսինգ չկա, և տեսահսկման խցիկները ցույց են տալիս, որ կատարված հանցանքի ժամանակ ինքը չի եղել տղամարդկանց հանդերձարանում։
Չնայած բազմաթիվ արդարացնող ապացույցներին՝ Համբարձումզադեն ձերբակալվել է և մեղադրվել սեռական ոտնձգության մեջ։ Մեղադրանքն ավելի ուշ հանվել է։
Նրա հայցում նշվում է, որ խելամիտ քննությունը կտաներ իր արդարացման։ Ոստիկանությունն անտեսել է անմեղության նրա վստահեցումները։
Ըստ հայցի՝ մարզասրահի մենեջերներից մեկը ոստիկանությանն է ուղարկել տեսագրության հատվածի սքրինշոթը, որտեղ մենեջերը սխալ է նույնականացրել կասկածյալին Համբարձումզադեի հետ։ Տեսագրությունը ցույց է տալիս, որ Համբարձումզադեն լքել է մարզասրահը 15 րոպե անց։
Բողոքարկման հայցում նա որպես պատասխանող կողմ նշել է Գլենդելի ոստիկանության 3 սպաների և մարզասրահի մենեջերին։
Լսումները նշանակված են հաջորդ ամիս։







































