ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կնոջը ձերբակալել են այն պատճառով, որ նա համբուրել է ոստիկանի քիթը: Միջադեպը տեղի է ունեցել Բրեյդենթոնում՝ հունիսի 29-ին: Այս մասին հաղորդում է Bradenton Herald-ը:
Ոստիկանության աշխատակիցը, որին համբուրել է 62-ամյա Փեգի Հիլը, վերջինիս գործողությունները որակավորել է որպես հարձակում իրավապահ մարմինների աշխատակցի վրա:
Կնոջը տեղափոխել են տեղամաս: Հուլիսի 1-ի դրությամբ նա դեռևս կալանքի տակ է: Գրավը, որը պետք է վճարել նրան ազատ արձակելու դիմաց, կազմում է 5000 դոլար: Չի հստակեցվում, թե կնոջ գործով դատավճիռը երբ կկայանա:
Կինը ոստիկանության հետ զրույցում հաղորդել է, որ ոստիկանին համբուրելու միտքը նրա մոտ անսպասելիորեն է ծագել:
Նշվում է նաև, որ միջադեպից առաջ Հիլը երեք գավաթ գինի է խմել: Ոստիկանությունը Հիլի տան մոտ է ժամանել կնոջ և հարևանուհու՝ ցանկապատի համար ծագած վեճի պատճառով. ցանկապատը բաժանել է նրանց տների միջև հողատարածքը:
Հաշվետվության մեջ նշվում է, որ ոստիկանի հետ զրուցելիս Հիլը մոտեցել է նրան և համբուրել՝ հակառակ նրա կամքի:









































