Ադրբեջանցի հայտնի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովն ընտրվել է որպես ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածու: Այս մասին հայտնում է newsazerbaijan.ru-ն:
Երեքշաբթի «Մուսավաթ» կուսակցության շենքում կայացել է Ազգային խորհրդի նիստը: Հանդիպման արդյունքներով՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին հայտարարել է, որ Իբրահիմբեկովը միաձայն ընտրվել է որպես խորհրդում միավորված բոլոր կուսակցությունների միասնական թեկնածու:
Հունիսի սկզբին «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցությունը գործող նախագահ Իլհամ Ալիևին առաջադրել է պետության ղեկավարի պաշտոնում:
Իբրահիմբեկովը խորհրդային և ադրբեջանական գրող է, կինոդրամատուրգ, կինոռեժիսոր, պետական մրցանակների դափնեկիր: Նա «Արևից կիզվածները» ֆիլմի սցենարի հեղինակն է: Ֆիլմն «Օսկարի» է արժանացել որպես լավագույն օտարերկրյա ֆիլմ:










































