Բաղդադում հուլիսի 2-ին տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 250-ի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրաքի առողջապահության նախարարությանը։
Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։ Վարչապետ Հայդեր ալ-Աբադին հանձնարարել է անհապաղ իրագործել մահապատիժները, որոնք սահմանվել են երկրում ահաբեկչության համար բոլոր դատապարտվածների նկատմամբ։
Ալ-Աբադին պահանջել է գտնել և խստորեն պատժել նրանց, ովքեր կազմակերպել են պայթյունները մայրաքաղաքում։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև ուժեղացնել անվտանգության միջոցառումները Բաղդադում և ընդհանուր առմամբ երկրում, այդ թվում կարգի բերել մետաղադետեկտորները, որոնք տեղադրված են անցակետերի մեծ մասում։









































