Եվրոգոտու երկրներում գործազրկության մակարդակը մայիսին հասել է ռեկորդային մակարդակի: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է եվրոպական վիճակագրական Eurostat բյուրոն:
Գործազրկությունն ապրիլի համեմատ աճել է 0.1 տոկոսով և կազմել 12.1 տոկոս: Սակայն ԵՄ շրջանակում գործազրկությունը մնացել է նախկին մակարդակի վրա՝ 10.9 տոկոս:
Եվրոգոտու երկրներում, այս տարվա մայիսի տվյալներով, գործազուրկ է 19 մլն 222 հազար մարդ:
Գործազրկության ամենացածր մակարդակը գրանցվել է Ավստրիայում (4.7%) և Գերմանիայում (5.3%): Ամենաբարձր ցուցանիշները Իսպանիայում և Հունաստանում են՝ մոտ 27 տոկոս: Առավել բարդ է իրավիճակը երիտասարդների պարագայում: Իսպանիայում և Հունաստանում երիտասարդների շարքում գործազրկության մակարդակը կազմում է 50 տոկոս:
Eurostat-ը նշում է նաև, որ տարեկան կտրվածքով 1.4 տոկոսով աճել է սղաճի մակարդակը՝ նախորդ ամսվա համեմատ: Հունիսին սղաճի մակարդակը հասել է 1.6 տոկոսի:










































