Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ քիչ թե շատ բավարար, նվազագույն իրական մակարդակի պայքարն անգամ երկրում կարող է հեղափոխական փոփոխություններ առաջ բերել և լիովին փոխել պետության դիմագիծը, փոխել քաղաքացիների վերաբերմունքը պետության հանդեպ, փոխել տրամադրվածությունն ու երկրում առկա մթնոլորտը, փոխել մարդկանց վերաբերմունքը սեփական պետության հանդեպ, վերացնել արտագաղթի մտայնությունն ու մարդկանց ուղեղի աշխատանքը ուղղել ոչ թե Հայաստանից հեռանալուն, այլ Հայաստանում ստեղծելուն: Իսկ ստեղծելու պոտենցիալն ահռելի է, պարզապես ամբողջ հարցն այն է, որ կա՛մ կոռուպցիա է ստեղծվում և որիշ ոչինչ, կա՛մ ստեղծվում է ամեն ինչ՝ կոռուպցիան իրապես արմատախիլ անելու դեպքում:
Հայաստանի կառավարության անդամները Հայաստանում խոշոր սեփականատերեր են, և նրանք չեն էլ թաքցնում այդ հանգամանքը՝ թաքնվելով այն հանգամանքի հետևում, որ Հայաստանի օրենսդրությունը չի արգելում սեփականություն ունենալ, բիզնես ունենալ, արգելում է պաշտոնը համատեղել բիզնեսի կառավարման հետ: Այդպես Հայաստանի պաշտոնյաներն ու պատգամավորներն ասում են, որ իրենք, իհարկե, բիզնես ունեն, բայց այդ բիզնեսի սեփականատերն են ընդամենը, ոչ թե կառավարիչը: Կամ՝ հնչում են արդարացումներ, թե իքս կամ իգրեկ բիզնեսը իրենցը չէ, այլ որդունը, դստերը, կնոջը, քենունը, զոքանչինը կամ այլ մերձավորինը: Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ պատրաստում են քայլեր, որով ցույց կտան, որ պայքարում են կոռուպցիայի դեմ:
Նախ և առաջ, իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարելու քայլեր պետք է անեն ոչ թե Հովիկ Աբրահամյանն ու նրա գլխավորած խորհրդի անդամները, այլ Հայաստանի գլխավոր դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ ծայրահեղ և նվազագույն դեպքում՝ նախագահին կից բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը: Սակայն այս կառույցները ոչ թե պայքարում են կոռուպցիայի դեմ, այլ թաքցնում են կոռուպցիան, հաճախ նաև, այսպես ասած, մանր բացահայտումների միջոցով: Մի քանի հազար դոլար կաշառքի համար ձերբակալվում են տարբեր աստիճանի չինովնիկներ, որոնք, սակայն, հեռու են բարձրաստիճան պաշտոնյաներից:
Այդպիսի բացահայտումներով փորձ է արվում ցույց տալ, թե իբր կա պայքար կոռուպցիայի դեմ, իսկ իրականում նման բացահայտումները ունեն հենց ավելի մեծ չափերի կոռուպցիան քողարկելու քարոզչական նշանակություն:
Առաջին հերթին հենց իրավապահ այս կառույցները պետք է ցույց տան, որ Հայաստանում իշխանությունը պայքարում է բարձրագույն օղակներում կոռուպցիայի դեմ: Որովհետև եթե այդ օղակներում կոռուպցիան չի վերանում, ստորին օղակներում առկա կոռուպցիան ընդամենը ռոտացիոն բնույթ է կրում՝ այսօր մեկին կձերբակալեն, նրա կոռուպցիոն ֆունկցիաները կանցնեն մյուսին, որովհետև այդ օղակները ավելի վերին օղակներում առկա կոռուպցիայի սոցիալական բազայի ձևավորման կարևոր առաքելություն ունեն:
Իրավապահ համակարգի անգործության պայմաններում վարչապետի կամ այլ պաշտոնյաների գլխավորությամբ ու մասնակցությամբ զանազան խորհուրդները նպատակ ունեն ընդամենը լղոզել խնդիրն ու հեռացնել կոնկրետ հարցադրումներից:
Սակայն այստեղ էլ, իհարկե, հասարակությունն ունի հարցեր: Հովիկ Աբրահամյանն, օրինակ, իսկապես կարող է պայքարել կոռուպցիայի դեմ, եթե ոչ պատժիչ մեթոդով՝ դա նրա անմիջական ֆունկցիան չէ, ապա կանխարգելիչ: Օրինակ՝ նա կարող է իր նորաստեղծ խորհրդով մշակել օրինագիծ, որով փակվում է մինչ այսօր եղած կոռուպցիոն ռիսկերի սողանցքը: Այսինքն՝ օրենքը կարգելի ոչ միայն համատեղել պետական պաշտոնն ու բիզնեսի կառավարումը, այլև ընդհանրապես որոշակի ծավալից ավելի սեփականության առկայությունը պաշտոնատար կամ նրան կապակցված անձանց դեպքում։ Այսինքն՝ պաշտոնյան բարձր պաշտոն կարող է զբաղեցնել միայն իքս ծավալից փոքր սեփականատեր լինելու պարագայում կամ իքս ծավալից փոքր սեփականատիրությամբ հարազատ-բարեկամ-խնամիական շրջապատ ունենալու պարագայում:
Սա միգուցե կատեգորիկ է թվում, սակայն Հայաստանում կոռուպցիոն համակարգի տարածվածության, տնտեսության և պետության զարգացման արգելակման հարցում այդ համակարգի ազդեցության, ինչպես նաև հրատապ լուծումների կենսականության պայմաններում՝ ելնելով Հայաստանի համար այսօր առկա և ահագնացող մարտահրավերներից, անհնար է որևէ արդյունք ապահովել առանց ինչ-որ իմաստով կատեգորիկ քայլերի: Ներկայումս միայն այդպես կարող է կառավարությունը հավաստիացնել որևէ մեկին, որ պատրաստ է պայքարել կոռուպցիայի դեմ:
Խնդիրը շատ պարզ է՝ հատկապես Հովիկ Աբրահամյանի համար, որը վարչապետ է նշանակվել Հայաստանում քրեաօլիգարխիկ կոռուպցիոն համակարգի շահերի պաշտպանության տրամաբանությամբ. նա կամ այդ համակարգին է հավաստիացնում, որ պատրաստ է ապահովել կոռուպցիայի անվտանգության հակակոռուպցիոն քարոզչական ֆոնը, կամ հասարակությանն է հավաստիացնում, որ պատրաստ է քարոզչությունից անցնել գործի: Իհարկե, երկրորդ դեպքում մեծ է վտանգը, որ նա ստիպված կլինի թողնել գործը կամ բիզնեսները, բայց ինչպես ասում են՝ երկու երնեկ մի տեղ չի լինում:












































