ԱՄՆ կառավարությունը ԱՄՆ տարածքում գտնվող ԵՄ ներկայացուցչությունների գրասենյակների հնարավոր գաղտնալսումների մասին հարցերին կպատասխանի դիվանագիտական ուղիներով՝ հայտարարել են ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի գրասենյակում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Վաշինգտոնը դեռևս հրապարակավ մեկնաբանություններով հանդես չի եկել՝ կապված ԵՄ-ին գաղտնալսելու մեղադրանքների հետ: Այդ մասին տեղեկություններ էին հայտնվել գերմանական Spiegel պարբերականում: Այդ տեղեկությունները գաղտնազերծել էր ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը լիարժեք պարզաբանում էր պահանջել ԱՄՆ-ից: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ եթե Սնոուդենի տրամադրած տեղեկությունը ճիշտ է, ապա նման պրակտիկան միանգամայն անընդունելի է:
Ինչպես նշվում է՝ ամերիկյան հատուկ ծառայությունները լրտեսել են Վաշինգտոնում և Նյու Յորքում գտնվող 38 դեսպանատներին, օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին ու կազմակերպություններին:









































