Չիկագո քաղաքի (Իլինոյս նահանգ) երկու միջազգային օդանավակայաններում ոստիկանների մի մասը ծառայությունը կատարում են առանց ծառայողական զենքի և չեն կարող հակահարված տալ ահաբեկիչներին, եթե այդպիսի հարձակում տեղի ունենա: CNN-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի զգուշացրել է ԱՄՆ ծառայությունների միջազգային ոլորտի աշխատակիցների արհմիության նախագահ Մեթ Բրենդոնը:
Նա իր մտավախությունները ներկայացրել է Չիկագոյի օդուժի վարչության ղեկավար Ջինջեր Էվանսի անունով նամակում: «Ահաբեկչությունը Ստամբուլում եղավ հստակ նշան, որ ահաբեկիչները մտադիր են մարդկանց սպանել օդանավակայաններում ամբողջ աշխարհում»,- նշել է նա: «Պատկերացրեք, որ հսկող տեսախցիկները Չիկագոյի միջազգային օդանավակայաններում արձանագրեն, թե ինչպես են ոստիկանության սպաները վազում խուճապահար և անօգնական ուղևորների հետ՝ փախչելով ու փրկվելով մահապարտի գոտիներով ահաբեկիչներից»,- հավելել է Բրենդոնը՝ պահանջելով իրավապահներին ծառայողական զենք տրամադրել:
CNN-ի տեղեկությամբ՝ Օ’հարա և Միդուեյ օդանավակայաններում մոտ 300 ոստիկան է հերթապահում: Նրանք անզեն են, իսկ ղեկավարությունը նրանց հրահանգել է զինված հանցագործների հայտնվելու դեպքում «փախչելով փրկվել և թաքնվել»: Ծառայողական զենք կա Քաղաքային ոստիկանության վարչության ևս 231 աշխատակցի մոտ, որոնք կցված են Օ’հարա և Միդուեյ օդանավակայաններին: Իշխանությունները դա բավարար են համարում:






































