Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտեյնիցը հայտարարել է, որ իսրայելական գազը կարող է Թուրքիա հասնել 3 տարում, իսկ այնտեղից էլ TANAP գազատարով հասնել Եվրոպա, ինչը լավ կլինի թե՛ Իսրայելի, թե՛ Թուրքիայի համար:
Նա ընդգծել է, որ իսրայելական գազը կարող է Թուրքիա հասնել Միջերկրական ծովում կառուցվելիք գազատարով, որի երկարությունը կազմելու է 500-550 կիլոմետր, սակայն Թուրքիան դեռ չի տվել համապատասխան թույլտվություն:
«Այսօր Իսրայելը կարող է արտահանել 350 միլիարդ խորանարդ մետր գազ: Մեր առաջնահերթություններն են Թուրքիան, Եգիպտոսը և Հորդանանը:
Սակայն նախորդ տարի ֆրանսիական մի ընկերություն զեկույց ներկայացրեց, ըստ որի՝ Իսրայելի գազային պաշարները կավելանան 2200 միլիարդ խորանարդ մետրով:
Ամենալավ սցենարի դեպքում մեր գազը Թուրքիա կհասնի 3 տարում: Նախագիծը գնահատվում է 2 միլիարդ դոլար»,- նշել է նախարարը:









































