Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայում ավարտվել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Քոջայելի ու Յալովա նահանգները միմյանց կապող կամրջի կառուցումը:
Մարմարա ծովի Իզմիթի ծովածոցով անցնող կամուրջը Ստամբուլի ու Իզմիրի միջև ավտոճանապարհը կկրճատի մինչև 3.5 ժամ: Կամուրջը ստացել է Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման Գազի 1-ինի անվանումը:
Կամրջի բացման արարողությանը ներկա են եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Դրա կառուցումը մեկնարկել է 2013 թվականի մարտի 30-ին:
Կամրջի հենասյուների բարձրությունը 252 մետր է, կամրջի երկարությունը 2682 մետր է, իսկ լայնությունը՝ 39 մետր: Նախագիծը գնահատվել է 9 միլիարդ դոլար: Այն Եվրոպայի երկրորդ ամենաերկար կախովի կամուրջն է:







































