«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պրահայի «Էխո Կավկազա» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը:
Վերլուծաբանի խոսքերով՝ Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Շտայնմայերի այցը տարածաշրջան ազդանշան էր բոլորին, որ Հարավային Կովկասը կարևոր է Գերմանիայի ու Եվրոպայի համար:
«Այցը Հայաստան պակաս կարևոր չէ Շտայնմայերի համար: Կարծում եմ՝ սա Գերմանիայի՝ կարգավորման գործընթացին միանալու հեռանկարների զոնդաժ է, որովհետև Գերմանիան ակնհայտորեն շահագրգռված է կարգավորման գործընթացին միանալով»,- նշեց Դուբնովը:
– Պարոն Դուբնով, ի՞նչ նշանակություն ունի Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցը Հայաստան և տարածաշրջանի մյուս երկրներ: Ինչո՞վ է բացատրվում գերմանական դիվանագիտության այս ակտիվությունը:
– Կարծում եմ՝ սա որոշակի ազդանշան է բոլոր շահագռգիռ խաղացողներին այն մասին, որ Հարավային Կովկասը հետաքրքիր է Եվրոպայի, Գերմանիայի համար: Սա խոսում է այն մասին, որ Եվրոպան ու Գերմանիան վերանայում են իրենց վերաբերմունքը Հարավային Կովկասին, որը չգիտես՝ ինչու երկրորդական էր համարվում, և ենթադրում եմ, որ առաջնահերթություններն այս ոլորտում որոշակիորեն փոխվում են: Ապրիլյան իրադարձությունները բոլորին անհանգստացրեցին, ոչ ոք Եվրոպայում չի ուզում, որ դրանք կրկնվեն, և հիմա Եվրոպան մանրամասն ձևով կզբաղվի այդ հարցով: Այդ պատճառով համատեքստը այնքան էլ ղարաբաղյան չէ, Եվրոպան պարզապես ազդանշան է տալիս, որ առաջնահերթությունները Հարավային Կովկասի հետ հարաբերություններում փոխվում են: Սա է գլխավորը:
Հարավային Կովկասի երեք երկրներից յուրաքանչյուրում իր ցավոտ թեման կա, Ադրբեջանի համար դա ավելի շատ տնտեսական հարցերն են, քան Ղարաբաղը, Հայաստանի համար Ղարաբաղն է, իսկ Վրաստանի համար Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացումն է: Այս ամենը կարելի է տեղավորել մեկ միասնական հարավկովկասյան համատեքստում, բայց ես կարծում եմ, որ գերմանացիները յուրաքանչյուր երկրում փորձելու են լուծել իրենց հարցերը:
Այցը Հայաստան պակաս կարևոր չէ Շտայնմայերի համար: Կարծում եմ՝ սա Գերմանիայի՝ կարգավորման գործընթացին միանալու հեռանկարների զոնդաժ է, որովհետև Գերմանիան ակնհայտորեն շահագրգռված է կարգավորման գործընթացին միանալով: Այդ հարցերը, իհարկե, քննարկվելու են և՛ Երևանում, և՛ Բաքվում: Եվ այս տեսանկյունից շատ հարմար էր Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ Երևանին հասկացրել են, որ սա Բեռլինի բարեհաճության գագաթնակետն է, դրանից հետո Բեռլինը շատ ավելի պրագմատիկ է լինելու և չի գնալու այդպիսի նշանավոր, խորհրդանշական քայլերի:
Շտայնմայերի այն հայտարարությունը, թե ստատուս-քվոն Ղարաբաղում չի կարող հավերժ տևել, ոչ միայն ռեվերանս էր Բաքվի ուղղությամբ, որտեղ Շտայնմայերը պիտի մեկներ Երևանից, այլև Բեռլինի որոշակի բարեմաղթանքը:
– Ձեր կարծիքով՝ ո՞րն է Շտայնմայերի այցելության գլխավոր նպատակը, հակամարտության գոտում անվտանգության հարցերի քննարկումը (Նալբանդյանի և Շտայնմայերի ասուլիսի ընթացքում շատ հարցեր եղան շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշչիկի դիտորդական թիմի ընդլայնման մասին), թե՞ բանակցությունների ակտիվացումը:
– Գիտեք, ես կարծում եմ, որ Կասպրշչիկի լիազորությունների ընդլայնման հարցը ոչ թե տեխնիկական է, այլ քաղաքական, որովհետև հենց այդ համատեքստում է Բաքուն դիտարկում այդ հարցը: Բաքուն ոչ առանց հիմքի ենթադրում է, որ նմանատիպ միջոցառումները ուղղված են ստատուս-քվոյի ամրապնդման երկրորդ ալիքին, հետևաբար նա, իհարկե, դեմ է: Եվ այս պայմաններում հարցը տեխնիկական հարթությունից տեղափոխվում է քաղաքական հարթություն, և դրա հետ ստիպված են հաշվի նստել և՛ Բեռլինը, և՛ Երևանը:
Այսօր Բաքուն տորպեդահարելու է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է շփման գծում իրավիճակի դիտարկման տեխնիկայի ներդրմանը, դիտարկման արդյունավետությանը, որովհետև Բաքուն դիտարկում է ցանկացած նմանատիպ միջոցառում՝ որպես փորձ պահպանելու ստատուս-քվոն:
– Շտայնմայերը, պատասխանելով գերմանացի լրագրողի հարցին, հույս հայտնեց, որ բանակցությունները այս տարի կվերսկսվեն: Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը, հավանաբար բանակցությունների հիմնախնդրի կոնկրետ կարգավորմա՞ն շուրջ:
– Այո, իհարկե, խոսքը կարգավորման մասին է: Բանակցություններ սկսելը խնդիր չէ, այս տարի արդեն եղել է բանակցությունների երկու փուլ, որոնք որևէ արդյունք չտվեցին: Կարծում եմ՝ պետերբուրգյան փորձից հետո նախաձեռնությունն իրենց ձեռքը կվերցնեն եվրոպացիները: Հիմա եվրոպացիները կարող են կազմակերպել նմանատիպ հանդիպում՝ ինչպես Պետերբուրգում, բայց ես առայժմ չեմ պատկերացնում, թե ինչի մասին են լինելու այդ բանակցությունները: Ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է համոզել Երևանին գնալ թեկուզ չնչին զիջումների, որովհետև այսօր որևէ կողմ չի կարող գնալ զիջումների:











































