Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բրյուսելում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակներում բանակցային նոր գլուխներ բացել:
Չավուշօղլուն այդ հայտարարությունն արել է Բրյուսելում 33-րդ բանակցային գլխի բացման կապակցությամբ, որը ստացել է «Ֆինանսներում ու բյուջեում տիրող իրավիճակը» անվանումը, և որն առնչվում է ֆինանսական ռեսուրսների վերահսկմանը, ԵՄ բյուջեում անհրաժեշտ գումարների ներդրմանը:
«Այսօր մենք բացեցինք ոչ միայն 33-րդ բանակցային գլուխը, այլև ընդգծեցինք մյուս կետերի վրա աշխատելու մեր ցանկությունը: Թուրքիան պատրաստ է դրանց բացմանը և ունի դրա իրավունքը:
Այսօր մենք մեր եվրոպացի գործընկերների հետ քննարկել ենք Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու «ճանապարհային քարտեզը:
Մենք ձգտում ենք արդյունքի հասնել ոչ միայն անվստահության մթնոլորտում, այլև մեր ընդհանուր կամքի հիման վրա»,- հայտնել է Չավուշօղլուն:












































