Գերմանիայի արդարադատության նախարարությունն այսօր ԱՄՆ-ից պահանջել է անհապաղ բացատրություններ տալ ԶԼՄ-ների հրապարակած այն հաղորդագրությունների առնչությամբ, որոնցում ասվում է, որ Վաշինգտոնը գաղտնալսել է Եվրամիության գրասենյակները, հաղորդում է AFP-ն:
«Ամերիկյան կողմից պետք է լիարժեք ու անհապաղ բացատրություններ հնչեն ԵՄ-ում ԱՄՆ միջոցառումների ժամանակ գաղտնալսումների առնչությամբ, ինչպես ասվում է մամուլի հաղորդագրություններում,»,- ասել է Գերմանիայի ադարադատության նախարար Սաբինա Լոյտխոյսեր-Շնարենբերգերը:
Ավելի վաղ գերմանական Spiegel պարբերականը հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է Վաշինգտոնում ու Նյու Յորքում Եվրամիության ներկայացուցչությունը ու կոտրել նրանց համակարգչային ցանցերը:
Պարբերականը հիմվել էր ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մոտ պահվող գաղտնի փաստաթղթի վրա, որին լրագրողները կարողացել էին ծանոթանալ:
Այդ փաստաթուղթը, որը թվագրված է 2010-ին, թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես է ԱՄՆ հատուկ ծառայությունը գաղտնալսել Վաշինգտոնում ու Նյու Յորքում ԵՄ ներկայացուցիչներին:










































