Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Դամասկոսի և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ այդ քննարկումները հաջող արդյունքի հասնելու «լավ շանսեր ունեն»: Այս մասին նա հայտարարել է լրագրողներին՝ ամփոփելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած փակ խորհրդակցության արդյունքները՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Հանձնակատարը հայտնել է, որ ԱԽ-ի անդամների հետ հանդիպման ընթացքում բանակցությունների վերսկսման հստակ ամսաթիվ չի նշել, քանի որ սպասում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ Սիրիայի աջակցման միջազգային խմբի համանախագահների և մյուս հանգուցային խաղորդների միջև խորհրդակցությունների ավարտվելուն: Նրա կարծիքով՝ այդ խորհրդակցությունների արդյունքը պետք է դառնա այն «կրիտիկական զանգվածը», որը թույլ կտա արդեն օգոստոսին սկսել Սիրիայում քաղաքական վերափոխումների գործընթացը:
Դե Միստուրան հաստատել է, որ դեռևս ծրագրում է բանակցությունները վերսկսել հուլիս ամսվա ընթացքում, բայց «ոչ ամեն գնով», այլ միայն եթե լինեն հաջող արդյունքի հասնելու «ինչ-ինչ երաշխիքներ»:
Հատուկ դեսպանորդը հայտնել է, որ հունիսի 30-ին ինքը կուղևորվի Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ-ի պաշտոնատարների հետ խորհրդակցություններ կանցկացնի՝ շարունակելով այն քննարկումները, որոնք նա հունիսի կեսերին անցկացրել է Սանկտ Պետերբուրգում։











































