Հնէաբանները Ֆլորես կղզու «հոբիթների քարանձավում» հայտնաբերել են մարդկանց կողմից պատրաստված օջախ, որի առկայությունը վկայում է 50 հազար տարի առաջ հոբիթների և մարդկանց գոյության հնարավորության մասին: Այս մասին հոդվածը հրապարակվել է Journal of Archaeological Science-ում:
«Վերջերս ենք մենք իմացել, որ հոբիթները Երկրի երեսից վերացել են մոտ 50 հազար տարի առաջ, և որ ժամանակակից տեսակի առաջին մարդիկ Ավստրալիայում և Ասիայի հարավ-արևելքում հայտնվել են մոտ 50 հազար տարի առաջ: Մեր բացահայտումը պակասեցնում է Լյանգ Բուայում հոբիթների ապրելու և ժամանակակից մարդկանց բնակվելու միջև ընկած ժամանակահատվածը»,- հայտարարել է Մայքլ Մորլին Վոլոնգոնգի համալսարանից:
«Հոբիթ» կոչվող և մոտ մեկ մետր հասակ ունեցող մարդկանց մնացորդները Ինդոնեզիայի Ֆլորես կղզու Լյանգ Բուա քարանձավում հայտնաբերվել են 2003 թվականին, որոնց հնէաբանները հայտարարել են նոր տեսակ և անվանել Homo floresiensis:
Մորլին իր գործընկերների հետ քարանձավի հատակի վերին շերտի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել է նաև հետքերն այն բանի, որ մարդը կարող էր բնակություն հաստատել Լյանգ Բուայում հոբիթների վերանալուց անմիջապես հետո և նույնիսկ դրանից առաջ:
Գիտնականներին անսպասելիորեն հաջողվել է այդ նստվածքներում հայտնաբերել միանգամից մի քանի օջախ, որոնք 50-20 հազար տարի առաջ տեղաբնակները կարող էին օգտագործած լինել ուտելիք պատրաստելու և տաքանալու համար: Բանն այն է, որ հոբիթները չեն կարողացել կրակ վառել և դրանից օգտվել: Դա նշանակում է, որ 50-46 հազար տարի առաջ Լյանգ Բուա քարանձավում կողք կողքի ապրել են ժամանակակից տեսակի մարդիկ՝ Homo sapiens, և հոբիթներ:













































