Ահաբեկչությունից զգուշանալու համար փախստականներ ընդունելուց հրաժարվելը անարդյունավետ է և սպառնում է համաշխարհային կայունությանը, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը` ելույթ ունենալով Վաշինգտոնի խաղաղության ինստիտուտում: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ավելի շատ ջանքեր չգործադրելը (փախստականներին օգնություն տրամադրելու) ներկա ճգնաժամի պայմաններում աճող սպառնալիքի տակ է դնում գլոբալ կայունությունը և մեր երկրի անվտանգությունը»,- ասել է Փաուերը:
Նրա խոսքով` դա ոչ միայն ուժեղացնում է այն երկրների ծանրաբեռնվածությունը, որոնք այսօր ընդունում են փախստականներ, այլև նպաստում է սահմաններով մարդկանց անօրինական տեղափոխումների աճին:
Նրա խոսքով` փախստականներին օգնություն տրամադրելու փորձերը կանգնեցնելու ջանքերը և նրանց ընդունելուց հրաժարվելը Փարիզի և Օռլանդոյի՝ վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունների լույսի ներքո, «սխալ է»: Նա հիշեցրել է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ի ընդունած 800 հազար փախստականներից ոչ ոք ահաբեկչություն չի իրականացրել:
«Այդ կոչերը առաջնորդվում են վախերով, այլ ոչ թե փաստերով»,- ասել է նա` մեկնաբանելով ավելի քան 30 նահանգապետների՝ իրենց նահանգներում փախստականներ ընդունելուց հրաժարվելը, ինչպես նաև ներգաղթյալների հոսքը ԱՄՆ նրանց հավատի կամ ծագման պատճառով սահմանափակելու կոչերը:
Փաուերը հիշեցրել է, որ ներկա միգրացիոն ճգնաժամը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խոշորագույնն է, «քանի որ այն գլոբալ է, նրա լուծումներն էլ պետք է լինեն գլոբալ»:








































