Եվրոպացիների կարծիքով`Հին աշխարհի Եվրոպական մշակույթի առանցքային ձեռքբերումներից են իտալական խոհանոցը, Էյֆելյան աշտարակը և ժողովրդավարությունը: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը` վկայակոչելով Գետի ինստիտուտի անցկացրած հարցումները, որի գլխավոր մասնաշենքը գտնվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքում:
Հարցման արդյունքները, որոնց մասնակցել է 22 հազար մարդ՝ մեծամասնությամբ գերմանացիներ, սերբեր և իտալացիներ, ցույց են տվել եվրոպացիների կարծիքը սեփական պատմության հանդեպ:
«Համաշխարհային մշակույթում գլխավոր ներդրում» բաժնում ժողովրդավարությունն առաջ է անցել դասական երաժշտությունից, գրականությունից, փիլիսոփայությունից: Պիցցան, լազանիան և իտալական խոհանոցի այլ համեղ ուտեստներ հարցման մասնակիցների 42%-ի ճաշակով են:
Եվրոպացիները առանցքային ճարտարապետական ձեռքբերում են համարում Էյֆելյան աշտարակը` Փարիզի խորհրդանիշը: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում համապատասխանաբար հայտնվել են հունական Ակրոպոլիսը և հռոմեական Կոլիզեյը:
Եվրոպական արվեստի ականավոր գործիչների ցուցակում Լեոնարդո դա Վինչին 25% ձայնով առաջ է անցել Պաբլո Պիկասոյից և Միքելանջելոյից:
Հին աշխարհի գլխավոր քաղաքական գործիչների վարկանիշը գլխավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, իսկ լավագույն ֆիլմ է ճանաչվել Ռոբերտո Բենինիի «Կյանքը հիասքանչ է», ամենահաջողակ մարզիկ` սերբիացի թենիսիստ Նովակ Ջոկովիչը:










































