Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան հայտարարել է, որ Իրանի հետ ժամանակավոր ազատ առևտրի գոտին կարող է ստեղծվել 2017 թվականի առաջին կեսին, իսկ մշտականը՝ մինչև 2020 թվականը:
Նրա խոսքով՝ ներկայումս անցկացվող խորհրդակցությունները պետք է ապագայում հնարավորինս կրճատեն պաշտոնական բանակցությունները:
«Եթե մենք անենք գործնականում ողջ տնային նախապատրաստական աշխատանքը, ապա բուն բանակցությունների համար չի պահանջվի շատ ժամանակ, և տեսականորեն մեզ ոչինչ չի խանգարի արդեն 2017 թվականի առաջին կեսին մի շարք ապրանքատեսակների մասով ժամանակավոր համաձայնագիր ստորագրել:
Մշտական ազատ առևտրի գոտին արդեն հենված է հետազոտական համատեղ խմբի եզրակացության վրա: Ամենաբարդ հարցը կլինի զգայուն ոլորտների մասով անցումային ժամանակաշրջանների հստակեցումը»,- ասել է նա:
Նախորդ տարի ԵԱՏՄ երկրներից Իրան ապրանքների արտահանման ծավալը կազմել է գրեթե 1.5 միլիարդ դոլար, իսկ ներկրումը՝ մոտ 500 միլիոն դոլար:










































