«ՀայԱրտ» համույթի 25 մասնակիցներ հունիսի 25-ից չեն կարողանում Վրաստանով Հայաստան անցնել Ռազմավիրական ճանապարհի հատվածի փակ լինելու պատճառով։ Երեխաները ստիպված են գումար հավաքել մինչև Բաթում «Կոմետա» ուղևորատար մոտորանավակով հասնելու համար՝ համերգներով հանդես գալով Սոչիի ափերում: Այս մասին հայտնել են նրանց մանկավարժները։
Ինչպես հայտնել է «Կավկազսկի ուզելը»՝ Ռազմավիրական ճանապարհի Վլադիկավկազ-Լարս հատվածով ավտոմոբիլային երթևեկությունը հունիսի 23-ին փակվել է Վրաստանի տարածքում տեղի ունեցած սողանքի պատճառով։
Համույթի ծնողկոմիտեի անդամ Քրիստինա Հակոբյանի խոսքով՝ Երևանից պարային խումբը Սոչի էր մեկնել հունիսի 19-ին՝ մասնակցելու «Սոչի. Արվեստ. Խաղաղություն» միջազգային փառատոնին։ Ընդհանուր առմամբ ռուսական կողմի հրավերով Երևանից Սոչի էր մեկնել 73 մարդ՝ 25 երեխա, ինչպես նաև 48 ծնող և համույթի մանկավարժ։ Հակոբյանն ընդգծել է, որ ճանապարհածախսի տնտեսման համար մասնակիցները, նրանց ծնողներն ու մանկավարժները Երևանից Սոչի են մեկնել վարձակած ավտոբուսով։
Հունիսի 25-ին նրանք ավտոբուսով պետք է Հայաստան ուղևորվեին Վրաստանով՝ համերգից անմիջապես հետո, սակայն տեղեկացել են, որ Վրաստանով ներկայում անցնել հնարավոր չէ։
«Զանգահարեցինք ծնողներին, ովքեր մեզ հետ չէին եկել։ Նրանք հայտնել են, որ ճանապարհածախսի միջոց չունեն։ Հյուրանոցի սեփականատերերը համաձայնել են թողնել երեխաներին մեկ գիշեր, հարևանները սնունդ և ջուր են բերել»,- ասել է Քրիստինա Հակոբյանը։
«Մեզ օգնություն են ցուցաբերել հայ համայնքի ներկայացուցիչները, վճարել հյուրանոցում մեր երեք օրվա մնալու ու սննդի համար»,- ասել է նա՝ նշելով, որ հունիսի 28-ին ժամը 12.00-ին իրենք պետք է լքեն հյուրանոցը։ «Ո՞ւր գնանք՝ չգիտենք»,- ասել է ծնողկոմիտեի անդամ Նարինե Հարությունյանը։
Ռազմավիրական ճանապարհի հատվածի արգելափակումից հետո Սոչիից Բաթում մոտորանավակով ուղևորության գները մեկ գիշերում կտրուկ աճել են։ Նրանց անհրաժեշտ է 279 հազար ռուբլի։ Հունիսի 23-ին ուղևորության արժեքը եղել է 4000 ռուբլի՝ մեծահասակների, 1500՝ երեխաների համար։ Հաջորդ օրը տոմսերի արժեքը հասել է մեծահասակների համար 7000 ռուբլու, իսկ երեխաների համար՝ 3500։
Երեխաները Սոչիի ափերում համերգներ տալով՝ որոշել են օգնել մեծահասակներին գումար հավաքել նավով ուղևորության համար։
Մանկավարժների հավաստմամբ՝ երեխաներին չեն կարող ինքնաթիռով Երևան տեղափոխել, քանի որ նրանցից շատերը չունեն ծնողների կողմից տրված ուղեկցման հավաստագրեր։
«Մենք Սոչի ենք եկել Վրաստանով։ Մեր անձնագրերում վրացի սահմանապահների նշումները կարող են պատճառ լինել, որ աբխազ մաքսայինները մեզ չթողնեն Աբխազիայի տարածք»,- ասել է մանկավարժներից մեկը՝ բացառելով նաև Աբխազիայի տարբերակը։
Հունիսի 27-ի դրությամբ՝ ուղևորության համար հավաքվել է ավելի քան 90 հազար ռուբլի։ Նրանց խոսքով՝ այսօր երեկոյան Սոչիից Բաթում ուղերթ կա, հաջորդը մեկ շաբաթ հետո է։
















































