ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ուրբաթ օրը Հորդանանի մայրաքաղաք Ամանում բանակցություններ է վարել Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ, որից հետո Երուսաղեմ է վերադարձել՝ 2 օրվա ընթացքում երկրորդ անգամ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման համար:
Այդ հանդիպումները տեղի են ունենում մամուլի համար փակ ռեժիմով: Նշվում է, սակայն, որ խոսքն իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղ բանակցությունների վերսկսմանն է վերաբերում:
«Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբասն ուրբաթ օրն Ամանում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին: Կողմերը շարունակել են մի շարք հարցերի քննարկումը, որոնք վերաբերում են խաղաղ գործընթացի վերականգնմանը»,- հաղորդում է Պաղեստինի VAFA գործակալությունը:
Սպասվում է, որ Քերին նման հանդիպումները կշարունակի մինչև շաբաթվա վերջ: Սա Քերիի, որպես պետքարտուղարի, 5-րդ այցն է տարածաշրջան:






































