Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հայոց ցեղասպանության մասին Հայաստանում արված հայտարարությունը:
«Հռոմի պապի կողմից «ցեղասպանություն» բառեզրի օգտագործումը վերստին ի ցույց է դնում նրա անխոս աջակցությունը 1915 թվականի դեպքերի հարցում հայերի պնդումներին, ինչը չունի ո՛չ պատմական, ո՛չ իրավական հիմնավորում»,- ասել է նա:
Հայտարարությունում ափսոսանք է հայտնվում, որ Հռոմի պապը նախորդ տարվա նման հիասթափեցրել է Թուրքիային ու թուրք ժողովրդին: «Հերթական անգամ կրոնական պլանում խտրականություն է իրականացվել այն ցավի ու կորուստների հանդեպ, որոնք գրանցվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:
Հռոմի պապի միակողմանի ու կանխակալ մոտեցումը վնասում է Վատիկանի այն վստահեցումներին, որոնք առնչվում են ժողովուրդների միջև խաղաղություն ու բարեկամություն պահպանելու ցանկությանը»,- նշվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում:
Հայտարարության մեջ հիշատակվում է ASALA-ի կողմից 1977 թվականին Վատիկանում Թուրքիայի դեսպանի սպանության մասին: Բացի այդ, նշվել է, որ Հռոմի պապի հայտարարությունը «չի նպաստել» տարածաշրջանում խաղաղության ու կայունությանը, ուր ապրիլի սկզբին բախումներ են գրանցվել Ղարաբաղյան հակամարտության գոտում.
«Վատիկանը ներկայացնող մարդը պետք է ձգտի ապագա սերնդին թողնել խաղաղություն ու բարեկամություն, հարգի օրենքի տառը և որդեգրի հաշտեցման դիրքորոշում»:








































