Աշխարհի ամենաթանկարժեք ավտոլվացման կետը գտնվում է Շոտլանդիայի Կիրկալդի քաղաքում: Այստեղ թանկարժեք ավտոմեքենաների տերերին ծառայություն է մատուցվում 150 հազար դոլարով:
Դա անիրական է հնչում, սակայն, որպեսզի թանկարժեք մեքենան անթերի տեսք ունենա, որոշ հարուստներ այդ գինը բավական արդարացված են համարում: The Ultimate Shine էլիտար ավտոլվացման կետի սեփականատեր Փոլ Ուիլքինսն ասում է, որ իրենց ծառայությունները նախատեսված չեն միջին վիճակագրական վարորդի համար:
Իր հաճախորդների անունները 34-ամյա Ուիլքինսը չի բացահայտում, սակայն ասում է, որ 150 հազար դոլարով տարեկան երեք մեքենա է կարգի բերում: Գործարարը Oddity Central պորտալին պատմել է, որ, քանի որ իրենք գործ ունեն այնպիսի մարդկանց հետ, ովքեր ոչ թե մեքենաներ, այլ հատուկ սրահներում պահվող արվեստի իսկական գործեր են հավաքում, ապա ստիպված են հենց մեքենայի գտնվելու վայրում աշխատել, քանի որ նպատակահարմար չէ աշխարհի մյուս ծայրից այդ ծառայությունների համար Շոտլանդիա հասնել։
Ժամանելով մեքենայի գտնվելու վայրը՝ մասնագետը հագնում է իր համազգեստը և սկսում է ավտոմեքենան մանրամասն մշակել, ինչը կարող է մի քանի ամիս տևել:
«Յուրաքանչյուր դեպքում աշխատանքի ծավալը տարբեր է, սակայն, քանի որ ես աշխատանքի համար բավականին մեծ գումար եմ պահանջում, ապա մեքենայի վրա կաշխատեմ այնքան, ինչքան հարկավոր է, որպեսզի դրա տերն այն անթերի վիճակում ստանա: Ես պերֆեկցիոնիստ եմ, և երբեմն ինձ մի քանի ամիս է հարկավոր, մինչև վստահ կլինեմ, որ կարելի է բանալիները մեքենայի տիրոջը հանձնել»,- հայտարարել է շոտլանդացի գործարարը:











































