«Հարավային գազային միջանցք» (ՀԳՄ) նախագծի իրագործումը Ադրբեջանին թույլ կտա ածխաջրածինների վաճառքից և տեղափոխումից աշխատել մոտ 30-50 միլիարդ դոլար, հայտարարել է Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի (SOFAZ) տնօրեն Շաhմար Մովսումովը՝ նշելով, որ դա նախնական տվյալներ են: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
ՀԳՄ-ն Եվրամիության համար առաջնային նախագծերից մեկն է և նախատեսում է Կասպյան տարածաշրջանից Վրաստանով ու Թուրքիայով 10 միլիարդ խ.մ գազ տեղափոխել Եվրոպա:
«ՀԳՄ-ն լայնածավալ ենթակառուցվածքային և էներգետիկ նախագիծ է Եվրոպայում: Ադրբեջանի գազի հսկայական պաշարները, մասնավորապես՝ «Շահ Դենիզ» գազի և կոնդենսատի հանքավայրը, դեռևս ՀԳՄ-ի միակ աղբյուրն է: Դա աշխարհի գազի խոշորագույն հանքավայրերից մեկն է: «Հարավային գազային միջանցք» ծրագրի իրականացումը Ադրբեջանին թույլ կտա աշխատելու 30-50 միլիարդ»,- ասել է Մովսումովը:
Ինչպես ճշտում է գործակալությունը, ՀԳՄ նախագծի արժեքը գնահատվում է 40 միլիարդ դոլար:










































