Մենք գտնվում ենք բարդ աշխարհաքաղաքական դիրքում և ունենք կոնֆլիկտներ հարևան երկրների հետ. ի՞նչ է անհրաժեշտ խաղաղության հասնելու համար. այս հարցին ի պատասխան «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում իր դիտարկումները ներկայացրեց «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը: Նա նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հետ կապված պայմանավորվածության փորձեր իրբրև թե լինում են, բայց հասարակությունների և հանրությունների կառուցումն այս երկրներում այնպիսին է, որ երբևէ որևէ պայմանավորվածություն հնարավոր չլինի:
«Նախ գագաթ – եռանկյունու մնացած մասեր հարաբերությունը պիտի փոխվի, չպիտի լինի միայն գագաթ, այսինքն՝ երկու կողմն էլ պիտի դառնան ժողովրդավարական: Մենք պետք է ոչ թե Ադրբեջանի հետ առանձին քննարկենք, թե ինչպիսին պիտի լինի ԼՂ ճակատագիրը, այլ մենք բոլոր կողմերով միասին պիտի քննարկենք, թե ինչպիսին պիտի լինի տարածաշրջանի ճակատագիրը, ապագան:
Մենք պիտի ոչ միայն ԼՂ հակամարտության հարցը քննարկենք, այլ մեր ներքին հարցերը այն մասին, թե ինչպես պիտի հասնենք ժողովրդավարության. ցանկացած ռեֆորմ իրականացնելիս պիտի հաշվի առնենք ղարաբաղյան կոնֆլիկտը»:
Տեր Գաբրիելյանը հավելեց նաև, որ նույնիսկ եթե ամենալավ բանն են պայմանավորվում, նույնիսկ եթե խոսքը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին է, բայց դա արվում է գաղտնի, ապա հնարավոր չէ վստահություն ներշնչել. «Գաղտնիությունը կասկած է հարուցում, կասկածը թուլացնում է մեր պետականությունը, դա պետք է վերացնել»:









































