Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո էլ ԵՄ-ն կշարունակի ուժեղ խաղացող և հուսալի գործընկեր լինել համաշխարհային մասշտաբով՝ գործելով հաջակցություն խաղաղության և անվտանգության: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Բրիտանիայի քաղաքացիներն արել են իրենց ընտրությունը՝ դուրս գալ միությունից: Որքան էլ ափսոսենք այդ որոշման համար, մենք հարգում ենք այն»,- ասվում է Մոգերինիի հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ ներկայիս մարտահրավերները չեն կարող «ինստիտուցիոնալ անորոշություն» թույլ տալ: «Ուստի մենք առաջ կգնանք մեր ընդհանուր արժեքների և շահերի հիման վրա և կշարունակենք աշխատել մեր քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ուղղությամբ»,- ասել է Մոգերինին:
Նրա խոսքով՝ «ԵՄ-ն ուժեղ խաղացող և հուսալի գործընկեր է և կշարունակի այդպիսին լինել»: «Մենք կշարունակենք խաղաղության աջակցության ուժ լինել, անվտանգություն ապահովել, աջակցել միջազգային համագործակցությանը»,- ասվում է Մոգերինիի հայտարարության մեջ:











































