ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Սենեգալ կատարած այցի առաջին օրը տեղի ունեցած մամլո կոնֆերանսին գերակշռել են ԿՀՎ նախկին աշխատակից էդվարդ Սնոուդենին առնչվող, աֆրիկյան երկրներում միասեռականությունն արգելող և Սև մայրցամաքում ժողովրդավարության զարգացման թեմաները: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Օբաման կրկին հասկացրել է, որ մտադիր չէ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ Սնոուդենի պատճառով, ում նա անվանել է «29-ամյա սովորական ցանցահեն»:
Օբամայի խոսքով՝ Սենեգալը «Աֆրիկայում ամենակայուն ժողովրդավարական երկրներից է»: Սակայն նա ընդգծել է, որ օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն՝ ներառյալ սեռական փոքրամասնությունները: Սենեգալում միասեռականությունն օրենքով արգելված է:
«Ես կարծում եմ, որ անկախ ռասայից, կրոնից, սեռից և սեռական կողմնորոշումից՝ բոլոր մարդիկ պետք է հավասար լինեն օրենքի առջև»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Միաժամանակ Սենեգալի նախագահ Մաքի Սալը հայտարարել է, որ իր երկիրը «պատրաստ չէ օրինականացնել միասեռականությունը՝ չնայած հարգում է մարդու իրավունքները»:









































