Երեկ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում դանակահարված դասախոս Վասիլի Գևորգյանի առողջությանը, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում: Բժիշկները տուժողի վիճակը կայուն են գնահատում: Վասիլի Գևորգյանն աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2 տարի է` գործուղվում է նաև Վանաձոր` դասախոսություններ կարդալու: Հայ և արտասահմանյան թատրոնի պատմության մասնագետ է, գիտությունների թեկնածու, դոցենտ, 13 տարվա դասավանդման փորձ ունի:
«Առաջին լրատվական»-ն այսօր այցելեց Վանաձորի հիվանդանոց և զրուցեց արդեն հիվանդասենյակ տեղափոխված դասախոսի հետ: Վերջինս դեպքի վերաբերյալ պատմեց հետևյալը. «Քննությունն անցնում էր կանոնավոր, ինչպես կարգն է. պատասխանողը պատասխանում էր, չպատասխանողն էլ հրաժարվում էր պատասխանելուց, դուրս էր գալիս, ստանում էր անբավարար գնահատական: Քննությունն անցնում էր կուրսի ղեկավարի ներկայությամբ` իրենց դասախոսի, նաև ասիստենտի, որևէ րոպե ես որևէ ուսանողի հետ առանձին չեմ մնացել:
Քննությունն ավարտվելուց հետո միջանցքում ինձ հետ ցանկություն հայտնեց զրուցելու մի երիտասարդ: Ասացի` խնդրեմ, տեղեկագիրը հանձնեմ դեկանատ ու խոսենք: Տեղեկագիրը հանձնեցի, անցանք զրույցի: Երկար բացատրելուց հետո թե ինչումն է կայանում մեր ուսումնական համակարգի էությունը, ինչու պիտի ուսանողը անպայման պատասխանի նոր ստանա` անկախ նրանից ինքը աշխատում է թատրոնում, թե ասենք` բանկում, կա առարկա, կա պատասխան` կա գնահատական, չկա պատասխան` չկա գնահատական, բացատրելուց հետո, որ բոլոր ուսանողները հավասար են ինձ համար, և որ աշխատանքային փոխհարաբերությունները, այսպես կոչված, չակերտավոր «մարդկային փոխհարաբերությունների» հետ ոչ մի առնչություն չունեն, երիտասարդը խնդրեց տեսնել տեղեկագիրը: Ասացի` դեկանատում է, գնա նայիր: Դեկանատից դուրս եկավ, հարցրեց` սա՞ է գնահատականը, ասացի` այո, սա ի՞նչ է նշանակում, նշանակում է` բացասական: – Բա` ինչո՞ւ է այս թիվը, ասացի` դա պայմանական է, ուղղակի բացասական գնահատական է: – Բա` չի՞ կարող սա փոխվել: – Ոչ: – Ինչո՞ւ, եթե ես խնդրում եմ: -Ամեն խնդրանք չէ, որ դրական պատասխան է ստանում: – Ինչո՞ւ: – Այդքան բացատրեցի, նույն պատմությունը սկզբից չեմ անելու: Տեղեկագիրը ձեռքիցս վերցրեց ու փախցրեց` արագ ճմռթելով, մյուս ձեռքով շորերս հավաքեց բռունցքի մեջ, ես իր ձեռքը բռնեցի, մյուս բռունցքով հարվածեց: Պտտեցրի իրեն ու մեջքի կողմից երկու ձեռքերը բռնեցի, որ չկարողանա հարվածել: Աղմուկի վրա դուրս եկան աշխատողները, ուսանողներ: Նախ տեսնելով, որ բռնել եմ, ասացին` բաց թող, ասացի` ես հանգիստ եմ, եթե ինքն էլ հանգիստ է, բաց կթողնեմ: Իրեն հարցրեցի` բաց թողնե՞մ, բա` բաց թող: Բաց թողեցի` թեթևակի պահած ձեռքերս: Որ առաջ գնաց ու տարածություն ուներ արդեն շարժվելու, խփեց 2 հատ: Ծակոցը որ զգացի, հասկացա, որ դանակով է խփում, հրեցի իրեն առաջ, դրա համար երկրորդ հարվածը ավելի թույլ ստացվեց: Տեսա, որ արյունը բավական ակտիվ է հոսում, հասկացա, որ զարկերակն է վնասված, գնացի դիմացի լսարանում նստեցի, փորձեցի սեղմել զարկերակը: Դե ինձ հարմար չէր, խնդրեցի աշխատողներից մեկին շոր բերեց դրեց ու սկսեց սեղմել զարկերակը, հետո խնդրեցի, որ շտապօգնություն կանչեն»:
Վասիլի Գևորգյանն իրեն դանակով հարվածած Ակսել Մխիթարյանից ալկոհոլի հոտ է զգացել: Դանակը վերջինիս բռունցքի մեջ է եղել, և դասախոսը միայն դրա շեղբն է տեսել, բայց հավատացնում է, որ այն «եղունգկտրիչ» չէր, ինչպես դեպքի ականատեսներն են հայտնել ոստիկանությունում:
Դասախոսը հաստատեց նաև, որ նույն ուսանողուհին, ում պատճառով ընկերը դանակահարել է իրեն, արդեն 1 չստացած քննություն ուներ նույն առարկայից: «Ես հարցերը տալիս եմ, ինքը ընդհանրապես հրաժարվում է պատասխանելուց: Նախորդ անգամ իրադրությունը մի քիչ ուրիշ էր. որոշ հարցերի սկսեց կցկտուր պատասխանել, բնականաբար ես կողքից հարցեր տվեցի, պարզագույն հարցերին տեղյակ չէր, ասացի` Դուք պատրաստ չեք»,- պատմեց դասախոսը: Դրանից հետո, նրա խոսքով, ընդառաջել է ուսանողուհուն և հնարավորություն տվել ժամանակից շուտ, մինչև վերահանձնման ժամկետը պատասխանել: Ուսանողուհին համաձայնել է, բայց այդպես էլ չի ներկայացել քննության: Դեռ մի բան էլ ավելացել են դասերից բացթողումները:
Դեռ երեկ մենք փորձեցինք կապ հաստատել ուսանողուհու հետ, բայց նա, իրեն բավական ագրեսիվ պահելով, հրաժարվեց որևէ մեկնաբանությունից:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի







































