Հայաստանը վճռական է տրամադրված զարգացնելու կապերը Իրանի հետ, «Ազատություն» ռադիոկայանը հղում անելով իրանական լրատվամիջոցներին նշում է, որ այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը:
Իրանի պաշտոնական անգլիալեզու Press TV-ին հաղորդում է, որ չորեքշաբթի օրը Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեդին Բորուջերդին հանդիպել է Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանի հետ: Հանդիպմանը դեսպանն ասել է, որ Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը վճռական են ընդլայնելու բարեկամական կապերը Իրանի Իսլմական Հանրապետության հետ: Դեսպանը նաև ասել է, որ երկու կողմերը պետք է օգտագործեն իրեց ներուժը տարբեր ոլորտներում համագործակցության մակարդակը բարձրացնելու համար:
Իրանի խորհրդարանականը իր հերթին նշել է, որ երկու ժողովուրդների միջև պատմական բարեկամական կապերը կարող են ավելի սերտ համագործակցության հիմք հանդիսանալ, կոչ անելով բոլոր ուղղություններով զարգացնել կապերը:
Ընդգծելով երկու երկրների միջև տնտեսական և առևտրային գործարքների կարևորությունը` Ալեդին Բորուջերդին ասել է, որ Հայաստանն ու Իրանը կարիք ունեն օգտագործելու իրենց ներուժը՝ ամրապնդելու տնտեսական, առևտրային ու արդյունաբերական կապերը: Տնտեսական համագործակցությունը ընդլայնելու համար նա ընդգծել է նաև երկու երկրների խորհրդարանների համագործակցության նշանակությունը:
Press TV-ի հաղորդման համաձայն` հանդիպմանը դեսպան Առաքելյանը ողջունել է Իրանում անցկացված նախագահական ընտրությունները: Հունիսի 14-ին կայացած ընտրություններում, հիշեցնենք, հաղթանակ տարավ Հասան Ռոհանին` ստանալով ընտրողների քվեների կեսից ավելին:
Իրանի նորընտիր նախագահը, արձագանքելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձին, պատասխանել է, որ իր աշխատակազմը բոլոր ոլորտնեում ընդլայնելու է Հայաստանի հետ կապերը, հիմք ընդունելով փոխըմբռնումը, փոխվստահությունն ու հարգանքը:
Ռոհանիի ընտրվելու կապակցությամբ Հայաստանի նախագահը իր շնորհավորական ուղերձում հույս էր հայտնել, որ երկու հարևան երկրները կսերտացնեն կապերը: «Ես կարծում եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք հայ-իրանական միջպետական կապերը բարձրացնել որակական նոր մակարդակի»,- գրել էր Սարգսյանը:
Նախկինում Ռոհանին և Սարգսյանը երկու անգամ հանդիպել են: Առաջին անգամ Երևանում` 2001 թվականին, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար էր, Հայաստան էր ժամանել Ռոհանին, ով այն ժամանակ Իրանի Ազգային անվտանգության խորհրդի նախագահն էր: Երկրորդ անգամ նրանք հանդիպել են 2005 թվականին՝ Թեհրանում:











































